Բաժին. Այլ Լուրեր

«Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու երևույթի դեմ պայքարն իրական արդյունք կունենա, երբ այն դառնա միասնական մոտեցում բոլորիս կողմից». Տարոն Մարգարյան

Մայրաքաղաքի կրթական և մշակութային հաստատությունները ջեռուցվում են և ապահովված են անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ հետևողական աշխատանքները՝ ի հայտ եկած թերությունները շուտափույթ վերացնելու և անխափան ջեռուցում ապահովելու նպատակով: 

Անդրադառնալով շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով կրթական և մշակութային հաստատություններում նախատեսված շինաշխատանքներին՝ զեկուցվել է, որ բոլոր հաստատություններում աշխատանքներն ավարտված են, այդ թվում՝ թիվ 1 և 106 մանկապարտեզներում, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել են տարեվերջին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում քայլեր ձեռնարկել մանկապարտեզների կահավորման և շահագործման ուղղությամբ: 

«2014 թվականին մենք հայտարարել էինք, որ այս մանկապարտեզները ևս կվերանորոգվեն և կհանձնվեն շահագործման: Հիմնական աշխատանքներն ավարտված են, ու երեխաների հաճախելու համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Ըստ այդմ, օր առաջ պետք է բացենք այդ մանկապարտեզներն ու հնարավորություն տանք մեր երեխաներին հաճախել մանկապարտեզ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել պատասխանատուներին մեկ անգամ ևս տեղում գույքագրել մասնավորապես թիվ 1 մանկապարտեզում առկա անհրաժեշտ գույքն ու, անհրաժեշտության դեպքում, այն լրացնել:

Քաղաքաշինության ոլորտում հունվարի 1-ից մինչ 18-ը ներառյալ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել մեկ հասցեում: Արձանագրություններ են կազմվել նաև շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է առավել խստացնել իրականացվող հսկողությունը և ակտիվացնել աշխատանքները:

«Երևան քաղաքում ապօրինություններն առհասարակ բացառելու համար 2015 թվականին մենք պետք է ավելի ակտիվ աշխատանքներ տանենք: Հատուկ հսկողություն սահմանեք մեր կողմից տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի նկատմամբ և խստորեն հետևեք, որպեսզի շինարարության ընթացքում որևէ խախտում չկատարվի: Ուշադրության կենտրոնում պետք է պահել նաև շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված կանոնների պահպանումը: Մայրաքաղաքում գործունեություն ծավալող միջազգային շինարարակական կազմակերպությունները, գործելով միջազգային չափորոշիչներին համապատասխան, իրենց կազմակերպված, կոկիկ աշխատանքով օրինակ կարող են ծառայել: Մենք պետք է հասնենք նրան, որ նման մոտեցումը կիրառելի դառնա շինարարություն իրականացնող բոլոր կազմակերպությունների համար և ձևավորվի յուօրինակ մշակույթ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթը հայտերի բացակայության պատճառով չի կայացել: Նշվել է նաև, որ նոր մրցույթը տեղի կունենա փետրվարի 3-ին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս շահագրգիռ բոլոր կազմակերպություններին և անձանց հրավիրել քննարկման և հորդորել մասնակցել գնման գործընթացին:

«Փաստն այն է, որ մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Մինչդեռ բոլորս ենք հիշում, թե ինչպիսի ընդդիմացում կար նախկինում ծառայությունը մատուցող կազմակերպության, նաև այդ գործընթացի նկատմամբ: Այժմ առնվազն տարօրինակ է, որ կենդանասերների այդ կազմակերպություններից և ոչ մեկը հայտ չի ներկայացնում հայտարարված մրցույթին մասնակցելու: Ու եթե առաջիկա մրցույթում ևս մասնակիցներ չլինեն և մրցույթը չկայանա, ապա թափառող կենդանիների դեմ պայքարը կդառնա խնդրահարույց, և բացառված չէ, որ գրանցվեն անցանկալի դեպքեր: Մեկ անգամ ևս հրավիրեք շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ նախապես պատրաստակամություն հայտնած ՀԿ-ներին և ներկայացրեք իրավիճակը: Գործող համապատասխան հանձնաժողովը, որում ընդգրկված են նաև Երևանի ավագանու անդամներ, պետք է ևս իր ակտիվ դիրքորոշումով աջակցի հարցի լուծմանը՝ հօգուտ մեր համաքաղաքացիների անվտանգության ապահովման», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով՝ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 71 վարչական արձանագրություն: 

«Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու երևույթի դեմ պայքարն իրական արդյունք կունենա, երբ այն դառնա միասնական մոտեցում բոլորիս կողմից: Այս աշխատանքը միայն քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուների ուսերին չէ, որ պետք է լինի: Երևանը բոլորիս մեծ տունն է, և մեզնից յուրաքանչյուրն իր մասով ունի պարտավորություն քաղաքի նկատմամբ և պետք է աջակցի մայրաքաղաքն ավելի մաքուր պահելու գործընթացին: Նախորդ տարեվերջին իրականացված խիստ հսկողության ու նաև արձանագրված դեպքերի հրապարակմամբ որոշակի փոփոխություններ ունեցանք այս մասով: Ուստի համոզված եմ, որ շարունակելով այդ մոտեցումը՝ կունենանք ավելի շոշափելի արդյունքներ: Այս աշխատանքներում ակնկալում ենք նաև ավագանու անդամների և մեր համաքաղաքացիների ակտիվ մասնակցությունը», – հատկանշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքում գործող զվարճանքի օբյեկտների աշխատանքի հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքներն ու, ըստ այդմ, համապատասխան քայլեր ձեռնարկել տվյալ օբյեկտների ժամը 24:00-ից հետո գործունեության թույլտվության տրամադրման կամ դրա դադարեցման ուղղությամբ:

«Ստեղծեք աշխատանքային խումբ և ուսումնասիրեք նախորդ տարվա բողոքները: Հիշեցնեմ, որ վերջին երկու տարվա ընթացքում, հաշվի առնելով մեր համաքաղաքացիներին պատճառվող անհարմարությունները, կեսգիշերից հետո գործունեություն ծավալելու իրավունքից մենք զրկել ենք նմանատիպ 39 օբյեկտի: Նաև տեղեկացնեմ, որ մեր կողմից մշակվել և ներկայացվել է օրենքի նոր նախագիծ, որով կարգելվի զվարճանքի օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքներում», – ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև քայլեր ձեռնարկել քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում ավագանու նիստերի առցանց հեռարձակումն ապահովելու ուղղությամբ:

Share