Բաժին. Այլ Լուրեր

Հարկ վճարողները ծանոթացել են ԵՏՄ անդամակցությունից բխող օրենսդրական ԵՎ վարչարարարական նորամուծություններին

ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով հանրապետության տարբեր քաղաքներում` Երևանի հարկային, այդ թվում խոշոր հարկ վճարողների և մարզերի բոլոր տարածքային հարկային տեսչություններում շահագրգիռ հարկ վճարողների համար անցկացվել է «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրական և վարչարարական նորամուծությունները» խորագրով տեղեկատվական հանդիպումների շարք: Նպատակն է` բարձրացնել հարկ վճարողների իրազեկվածությունը 2015-ից ուժի մեջ մտած հարկային և հարակից օրենսդրության փոփոխությունների և վարչարարական նորությունների վերաբերյալ: Նախարարության մասնագետները ներկայացրել են ամենակարևոր դրույթները, որ հայ գործարարներին անհրաժեշտ է իմանալ առաջիկա ամիսներին հարկային պարտավորությունների հաշվարկման համար, նաև պարզաբանումներ են տվել տեղում բարձրացված հարցերին:

Հայաստանը 2015թ. հունվարի 2-ից հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Գործընթացին նախապատրաստվելու համար դեռևս անցած տարեվերջին ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: ՖՆ եկամուտների քաղաքականության, գնահատման և կարգապահական ծրագրերի վարչության պետ Արման Պողոսյանի խոսքով` մասնավորապես, ընդունվել է «Մաքսային կարգավորման մասին» նոր օրենքը, որն, ըստ էության փոխարինում է Մաքսային օրենսգրքին, «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» նոր օրենքը, ինչպես նաև փոփոխություններ են կատարվել «Ավելացված արժեքի հարկի մասին», «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքներում, որոնցով, ըստ Արման Պողոսյանի, վերանայվել են ներմուծման և արտահանման ընթացակարգերը. «Օրենսդրական փոփոխություններով նախատեսված է, որ ապրանքների ներմուծման դեպքում տնտեսվարողն իր հաշվառման վայրի հարկային մարմնին է ներկայացնում 2 հիմնական փաստաթուղթ՝ ներմուծման հարկային հայտարարագիր և ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման հայտարարություն: Փաստաթղթերը ներկայացվում են մինչև ներմուծման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը և դրանց հիման վրա կատարվում են մաքսային վճարները»: Արտահանման դեպքում պահպանվել են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառման և ակցիզային հարկից ազատման մոտեցումները, ինչի համար պահանջվում է ընդամենը 2 փաստաթուղթ` ապրանքների արտահանման հարկային հայտարարագիր և օտարերկրյա գործընկերոջ հայտարարությունը` ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին: Այս երկու փաստաթղթերը տնտեսվարողը հարկային մարմնին պետք է ներկայացնի միաժամանակ` ՀՀ տարածքից փաստացի արտահանում կատարելու օրվան հաջորդած 180 օրերի ընթացքում: ԵՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և այդ երկրներից ապրանքների ներմուծման համար մաքսային ձևակերպումներ չեն կատարվում: Հաշվի առնելով Միության հետ ՀՀ ընդհանուր սահմանի բացակայությունը` ապրանքները ձևակերպվում են միայն «Տարանցում» մաքսային ընթացակարգով և տեղափոխվում նույնականացման միջոցների կիրառմամբ: ԵՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման համար մաքսատուրքեր չեն հաշվարկվում և չեն գանձվում:

Նշենք, որ իրազեկման հանդիպումներ են տեղի ունեցել` Երևանում` ԽՀՎ, Կենտրոնի, Մաշտոցի, Արաբկիրի, Նոր Նորքի, Էրեբունու, Շենգավիթի հարկային տեսչություններում: Մարզերում` Վանաձորի, Իջևանի, Աշտարակի, Գյումրու, Կոտայքի, Հրազդանի, Նաիրիի, Գավառի, Սևանի, Էջմիածնի, Արմավիրի, Արտաշատի, Եղեգնաձորի, Գորիսի, Կապանի տարածքային հարկային տեսչություններում:

Share