Բաժին. Այլ Լուրեր

Ազգային ժողովում տեղի է ունեցել բաց դաս

«Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով են այցելել Հյուսիսային համալսարանի մի խումբ դասախոսներ և ուսանողներ: Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին:

Ուսանողները Էդուարդ Շարմազանովին տեղեկացրել են Հյուսիսային համալսարանի գիտխորհրդի որոշման մասին, ըստ որի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ուսանողները կարող են համալսարանում սովորել՝ վճարելով ուսման վարձի կեսը: Ուսանողներն առաջարկել են կիրառել այս մոտեցումը նաև հայաստանյան այլ բուհերում: Ողջունելով համալսարանի գիտխորհրդի որոշումը՝ Էդուարդ Շարմազանովը ցանկություն է հայտնել, որ այս որոշումը առաջին հերթին տարածվի սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձի վրա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անցկացվող միջոցառումներին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայոց խորհրդարանը նույնպես նախատեսել է որոշակի միջոցառումներ, սակայն ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում իր ներդրումը պետք է ունենա յուրաքանչյուր հայ: Խոսելով համահայկական հռչակագրի մասին՝ Էդուարդ Շարմազանովը այն համարել է պատմական փաստաթուղթ համայն հայության համար:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տվել ուսանողներին չսխալվել մասնագիտության ընտրության հարցում, լինել նպատակասլաց, մշտապես զբաղվել ինքնակրթությամբ:

Share