Բաժին. Այլ Լուրեր

Քաղաքպետը հանձնարարել է խստորեն հետևել պարտադիր բարեկարգման աշխատանքներին

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ 5 դեպք է արձանագրվել, իսկ նախկինում հայտնաբերված ապօրինի 6 շինություններ քանդվել են: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ստուգայցերի ընթացքում արձանագրվել է շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման 8 դեպք: Այս ուղղությամբ հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը և շրջայցեր իրականացնել վարչական բոլոր շրջաններում:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 28 դեպքերից 20-ը արձանագրվել են հանգստյան օրերին: Քաղաքապետի հանձնարարությամբ պատասխանատուների կողմից խիստ հսկողություն կսահմանվի հատկապես կիրակի օրերին:
Սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում շարունակվում են ծառերի սանիտարական էտի և ձևավորման աշխատանքները: Հանձնարարվել է մեկ անգամ ևս ուսումնասիրել և էտն իրականացնել մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ ծառերի ճյուղերը խոչընդոտում են ճանապարհային նշանների և լուսացույցների տեսանելիությանը:

Հանձնարարվել է խստորեն հետևել Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը և սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ապահովելու պատշաճ խնամք: Հանձնարարվել է նաև հատուկ ուշադրություն դարձնել և օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում կենդանիների զբոսանքը:

Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման աշխատանքները: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրավախախտման 79 դեպքով կազմվել է վարչական արձանագրություն:

«Ձեզ համար, կանայք» առողջապահական մեկամսյա ակցիայի շրջանակում մարտի 9-ից մինչ օրս քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 21 602 կին: Առողջապահության վարչության պետը զեկուցել է նաև, որ ստացիոնար բուժման է ուղեգրվել 3 058 կին, կատարվել է 369 վիրահատական միջամտություն: 98 կին ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության: Քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացի նկատմամբ սահմանված է հատուկ հսկողություն:

Մաքրվել, բարեկարգվել և արտաքին լուսավորությամբ են ապահովել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տարածքները: Հանձնարարվել է հնավորին կարճ ժամկետում ավարտել նաև այդ տարածքների կանաչապատման և ծաղկային ձևավորման աշխատանքները:

Share