Բաժին. Այլ Լուրեր

«Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդես՝ Երևանի քաղաքապետարանում

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր: 

Ցուցահանդեսի նպատակը հանրությանը մինչև 1915 թվականը և դրանից հետո Երևանը ներկայացնելն էր՝ փախստականներին ապաստարաններ ստեղծելու, մեծագույն աղետի հետևանքները վերացնելու, Երևանի վերակառուցման և վերածննդի համատեքստում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է ճեմասրահում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Շուրջ 30 մեծ պաստառներով հանրությանն են ներկայացվել դեռևս անծանոթ այնպիսի լուսանկարներ, որոնք ժամանակի համահունչ գույներով հնարավորություն են տալիս ճանաչելու 20-րդ դարասկզբի Երևանն իր կառույցներով, դրանց դերն ու նշանակությունն այն ժամանակ և ներկայում: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով Ցեղասպանությանը զոհ դարձած քաղաքների և գավառների անունների մակագրությամբ Անմոռուկի մեծ մակետը՝ թանգարանի տնօրենը նշել է, որ ապակեպատ 10-ը ցուցափեղկերում էլ ներկայացված են ժամանակի մասին պատմող ինքնատիպ ցուցանմուշներ: Առանձին ցուցադրություններով ներկայացվել են նաև ժամանակի երևանյան տարազներ, ասեղնագործության նմուշներ, 18-րդ դարի գորգ, ինչպես նաև ազատ նստելու և կանգնելու տեղերով մեծ նկար-պաստառ, որում պատկերված է հայկական մեծ ընտանիք: 

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, առանձնակի կարևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումները, ընդգծել է, որ դրանց շարքը լինելու է շարունակական:

Share