Բաժին. Այլ Լուրեր

Մայիսի 16-ից 24-ը Հայաստանում կկազմակերպվեն Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է բոլորին մասնակցելու Եվրոպայի օրվա հանրային միջոցառումներին: Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները կմեկնարկեն մայիսի 16-ին Վանաձորում, կշարունակվեն Գյումրիում՝ մայիսի 17-ին և Երևանում՝ մայիսի 18-24-ին:

Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառում են տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվում են ԵՄ-Հայաստան սերտ համագործակցությունն ու գործընկերությունը և եվրոպական մշակույթի բազմազանությունը:

Գյումրիում և Վանաձորում անցկացվող միջոցառումները ներառում են տեղեկատվական ցուցահանդես, ուր ներկայացված կլինեն ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր, գեղանկարչական և լուսանկարչական ցուցահանդեսներ և բացօթյա համերգներ:

«Եվրամիություն-Հայաստան. գործընկերությունից մինչև բարեկամություն» ֆոտոցուցահանդեսը, որը ներկայացնում է ֆոտոպատմություններ Եվրամիության կողմից ֆինանսավորվող երկու ծրագրերի մասին, հանրության համար բաց կլինի մայիսի 18-24-ը Միրզոյան գրադարանում (Երևան, Մհեր Մկրտչյան 10):

Եվրոպայի օրվա հանրային միջոցառումներից մյուսը՝ «Լույս գիշեր» ներկայացումը, տեղի կունենա մայիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, Հյուսիսային պողոտայում: «Լույս գիշեր» ներկայացման ընթացքում իտալացի արտիստ Ֆաբիո Զանինոն և Գյումրիում, Վանաձորում և Երևանում նրա վարպետության դասերին մասնակցած հայ արվեստագետները համագործակցության տոնին նվիրված կոնցեպտուալ արվեստի գործ կստեղծեն:

Մայիսի 24-ին՝ այս տարվա միջոցառումների վերջին օրը, եզակի հնարավորություն կտրվի նախապես գրանցված շուրջ 70 մասնակիցների հանդիպելու ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ և խոսելու նրանց հետ տարբեր թեմաների շուրջ:

Եվրոպայի օրվա Տեղեկատվական ցուցահանդեսի բացումը Երևանում, որին կմասնակցեն Հայատաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ԵՄ անդամ երկրների դեսպանները, տեղի կունենա նույն օրը՝ Հյուսիսային պողոտայում (Պուշկին-Տերյան փողոցների միջև ընկած հատվածում), ժամը 15:00-ին:

Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ԵՄ օժանդակությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի, որոնք իրականացվում են տարբեր ոլորտներում՝ մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, կրթություն, աղքատության նվազեցում, բիզնես և ներդրումներ, առևտուր, երիտասարդական ծրագրեր, միգրացիա, մշակույթ, բնապահպանություն և գյուղատնտեսություն, մասնակցելու մշակութային միջոցառումների, վայելելու երաժշտություն և պարելու:   

Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում կամփոփվի բացօթյա համերգով, որը տեղի կունենա Ազատության հրապարակում ժամը 19:00-ին: Ելույթ կունենան երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Բելգիայից  և Գերմանիայից: Երեկոյի գլխավոր հյուրը հայտնի երգիչ Դենզելն է:

Միջոցառումների մանրամասները այստեղ՝ http://www.europeday.am:

Share