Բաժին. Այլ Լուրեր

Հանրապետությունում շարունակվում են գազալցակայանների ստուգումները

Հունիսի 8-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 402 դեպքի: Նախարարին զեկուցվեց հունիսի 2-4-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի կազմակերպած «ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով աշխատաժողովի ընթացքի մասին:

Անդրադառնալով նախարարի՝ գազալցակայաններում իրականացվող անվտանգության ռեժիմի վերահսկողության խստացման մասին հանձնարարականին՝ ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց Երևան քաղաքի գազալցակայանների ստուգումների արդյունքների մասին: Ներկայացնելով Երևանում կազմակերպված ստուգումների ամփոփ տվյալները՝ Ա. Մկրտչյանը հավելեց, որ ստուգումները շարունակվելու են հանրապետության բոլոր մարզերում և այն գազալցակայանները, որտեղ կարձանագրվեն խախտումներ, կտուգանվեն: Գործընթացը սկզբից ի վեր 11 գազալցակայան արդեն տուգանվել է:

Նախարար Ա. Երիցյանը հորդորեց միայն տուգանքներով չսահմանափակվել և խստացված ռեժիմով ստուգումները շարունակել՝ վերահսկողության տակ պահելով նաև շարժական գազալցակայանները:

Խորհրդակցությանը ՍՊԾ պետ Հ. Պետրոսյանը հայտնեց, որ նախատեսվում է գործակալության մասնագետների այցը Սյունիք, որտեղ կկազմակերպվեն դասընթացներ:

ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Ընդհանուր առմամբ՝ գործել է 377 հակակարկտային կայան, իրականցվել է մոտ 227 000 կրակոց:

Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:

ՀՀ ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Տեղեկատվության վարչության պետ Ս. Մխիթարյանը զեկուցեց հունիսի 9-11-ը հաշմանդամների Հանրապետական մարզական փառատոնին նախարարության 9 սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների մասնակցության մասին: Ս. Մխիթարյանը հայտնեց նաև, որ նախարարության հաշմանդամություն ունեցող 15 աշխատակից հունիսի 13-ին մասնակցություն կունենա նաև կարատե մարզաձևի Հայսատանի բաց առաջնությանը:

ՀՀ ՏԿԱԻՆ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը հայտնեց, որ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների համար ձեռքբերված ձայնագրող սարքերը տեղադրվել են և «911» ծառայության ահազանգերը մշտապես վերահսկողության տակ են:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։

Share