Բաժին. Այլ Լուրեր

Կադաստր. նոր հնարավորություններ արտերկրում բնակվող հայերի համար

Սույն թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում:  Այցի հիմնական նպատակն էր տեղի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսարանում մեկնարկել պիլոտային ծրագիր, որը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի և գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի գլխավորությամբ գործարկվեց սեպտեմբերի 30-ին` հյուպատոսարանի շենքում:  Ծրագրի արդյունքում հնարավորություն կընձեռնվի ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ տվյալ երկրների բնակիչներին` խնայելով իրենց ժամանակն ու նյութական միջոցները, առանց անձամբ Հայաստանում լինելու, տեղեկատվություն ստանալ և գործարքների վերաբերյալ ներկայացնել ու ստանալ համապատասխան փաստաթղթեր Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ:

Դեռևս 2015 թ. հունվարից կադաստրի պետական կոմիտեի կողմից նոտարներին հնարավորություն տրվեց կադաստրի համակարգից էլեկտրոնային կապի միջոցով ստանալ քաղաքացուն հետաքրքրող անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկատվություն, ստանալ ու դիմողին տրամադրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը: Հետագայում, կադաստրի համակարգում կատարվող բարեփոխումների շրջանակներում, որոշվեց նման կարգավիճակ տրամադրել նաև արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպաններին և հյուպատոսներին` անշարժ գույքի հետ առնչվող հարցերում Սփյուռքի մեր հայրենակիցների հոգսը թեթևացնելու համար:

Նախատեսված ծրագիրը հաջողությամբ գործարկելու դեպքում, փորձը կտարածվի նաև Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև այլ երկրների հայաշատ քաղաքներում:

Share