Բաժին. Այլ Լուրեր

Վարչապետն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ասոցիացիայի նախագահին և գործադիր տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ասոցիացիայի նախագահ Սվեն Առնե Հանսենին և գործադիր տնօրեն Քրիստիան Միլցին:

Վարչապետը կարևորել է պարոնայք Հանսենի և Միլցի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի մեր երկրում աթլետիկայի զարգացմանն ու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հետ համագործակցության խորացմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ սպորտի և, ընդհանրապես, հանրության շրջանում առողջ ապրելակեպի զարգացման համար: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի աթլետիկայի միջազգային ասոցիացիային՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում սինթետիկ ծածկույթով վազքուղիների կառուցմանն աջակցելու համար:

Եվրոպայի աթլետիկայի ասոցիացիայի նախագահը և գործադիր տնօրենը նշել են, որ պատրաստ են հետագայում ևս աջակցել ՀՀ աթլետիկայի ֆեդերացիային՝ ՀՀ-ում մարզաձևի հետագա զարգացմանը նոր թափ հաղորդելու նպատակով: Նրանց խոսքով՝ Երևանում սինթետիկ ծածկույթով վազքուղիների առկայությունը թույլ կտա առաջիկա տարիներին այստեղ կազմակերպել ու անցկացնել բազմաթիվ խոշորամասշտաբ միջազգային մրցումներ:

Այնուհետև վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ստորագրվել է Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում էլ կիրականացվի «Հրազդան» մարզադաշտում սինթետիկ ծածկույթով վազքուղիների կառուցման ծրագիրը:

Share