Բաժին. Այլ Լուրեր

Բացվեց միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում նոյեմբերի 21-ին բացվեց միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես: Կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, Հայաստանի ֆիլատելիստական միությունը և «Հայփոստ» ՓԲԸ-ն:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ նամանականիշների ցուցադրությանն իրենց հավաքածուներն են ներկայացրել շուրջ 40 մասնակիցներ Հայաստանի Հանրապետությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Արգենտինայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիտվայից և Ուկրաինայից:

Ցուցահանդեսի շրաջանակներում մարվեց և շրջանառության մեջ դրվեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրված երկու նամականիշ, որի վրա պատկերված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքը, ինչպես նաև՝ հատվածներ թանգարանի մշտական ցուցադրությունից:

Նամականիշների մարման արարողությանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի նպատակն է ֆիլատելիայի միջոցով իրազեկել ցեղասպանությունների, դրանց հետևանքների վերացման ու կանխարգելման անհրաժեշտության մասին, ինչպես նաև հայ և օտարազգի լսարաններին ներկայացնել համաշխարհային պատմության այս ողբերգական էջը:

Ցուցադրությանն իրենց հավաքածուները ներկայացրած մասնակիցները կխրախուսվեն հատուկ շնորհակալագրերով ու մեդալներով:

Ցուցադրությունը բաց է լինելու նոյեմբերի 21-24-ը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում, իսկ նոյեմբերի 25-27-ը՝ ՑԻՏԱԴԵԼ բիզնես կենտրոնում:

Share