Բաժին. Այլ Լուրեր

Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործակցեն տիեզերական տարածության օգտագործման ոլորտում

ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի նախագծի շուրջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցան երկօրյա բանակցություններ:

Այդ նպատակով ստեղծված հայ-ռուսական միջկառավարական աշխատանքային խմբում ռուսական կողմից ընդգրկված էին ՌԴ Տիեզերական դաշնային գործակալության ներկայացուցիչներ, հայկական կողմից՝  ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արդարադատության, ՀՀ պաշտպանության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ:

Կայացած բանակցությունների ավարտին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը և ՌԴ Տիեզերական դաշնային գործակալության դեպարտամենտի պետ Նատալյա Լոկտևան նախաստորագրեցին Համաձայնագրի նախագիծը: Բուն Համաձայնագիրը առաջիկայում կստորագրվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և ՌԴ Տիեզերական դաշնային գործակալության ղեկավարի կողմից: Այն տիեզերական տարածության օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ համագործակցության վերաբերյալ կլինի առաջին պաշտոնական փաստաթուղթը:

Համաձայնագրի նպատակն է երկու երկրների կողմից խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտումն ու օգտագործումը, տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացումը, դրանց կիրառման ոլորտներում փոխշահավետ համագործակցության ամրապնդումը, այդ նպատակով պատշաճ կազմակերպչական-իրավական հիմքի ստեղծումը:

Share