Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ կառավարություն․ անվճար կստանան թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր՝ սոցիալապես անապահով ընտանիքներն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունը հաստատել է սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը: Ըստ որոշման կից հիմնավորման, տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության (ՀՀՌՑ) կողմից լիովին իրականացվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքները և թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման: Սոցիալապես անապահով խավին անվճար կարգով DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի տրամադրումը նախատեսված է Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգով պետության կողմից ստանձնած պարտավորությամբ և ուղղված է ՀՀ բնակչության սոցիալապես անապահով անձանց տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովմանը: Որոշմամբ սոցիալապես անապահով 48733 ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը կիրականացվի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով:

Share