Բաժին. Այլ Լուրեր

Ռուբեն Վարդանյանն ընտրվել է ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչական ժողովի անդամ

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարում են նոր ձեւաչափի համագործակցության մասին, որն ուղղված է լինելու Հայաստանի զարգացմանն ու աշխարհում հայկական ինքնության պահպանությանը:

Երկու կազմակերպությունների գործունեությունն ավելի համակարգված դարձնելու նպատակով՝ IDeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ընտրվել է ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչական ժողովի անդամ, իսկ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը եւ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը ընդգրկվել են IDeA հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում՝ միանալով Նուբար Աֆեյանին:

Այս կապակցությամբ ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը նշել է. «Մեծ հաճույքով եւ հպարտությամբ ողջունում եմ Ռուբեն Վարդանյանի անդամակցությունը կենտրոնական վարչական ժողովին: Ուրախ եմ, որ դա մեր նախաձեռնություններին ի նպաստ կատարված հատկանշական մի քայլ է հանդիսանում: Ավելի քան երկու տասնամյակ ճանաչելով պարոն Վարդանյանին, նրան հաջողակ Հայի տիպար եմ համարում` իր բազմաթիվ իրագործումներով, անհատական արժանիքներով եւ անխախտ ուղղամտությամբ: Իր գործունեությամբ նա մարմնավորում է հայ ազգի ապագայի նկատմամբ տեսլականի, նպատակասեւեռ եռանդի եւ անձնուրաց նվիրումի մի անզուգական համադրություն: Որպես գործարար եւ բարերար՝ Ռուբեն Վարդանյանը խանդավառող ներուժ է դրսեւորում եւ նորարարական փայլուն համագործակցություն ապահովում IDEA հիմնադրամի միջոցով: Եվ վերջապես, որպես Ռուսաստանի քաղաքացի, նա մեզ համար կենսական կապ է հանդիսանում Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի մեր կարեւոր համայնքների միջեւ: Համոզված ենք, որ նա կարեւոր դեր է կատարելու մեր ազգային առաքելության նոր տեսլականի իրագործման ասպարեզում: Ուրախությամբ ողջունում ենք նրա մասնակցությունը մեր նոր մարտավարական գործունեություններին»:

Ռուբեն Վարդանյանն ասել է, որ իր համար մեծ պատիվ է ընդգրկվել ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի կազմում: Նրա խոսքով՝ անցած հարյուր տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն եղել է ամենակարեւոր կառույցներից մեկը, որն աշխարհասփյուռ իր բազմաթիվ համայնքների միջոցով ծավալած ազնիվ եւ հետեւողական գործունեությամբ նպաստել է հայ ազգի գոյապահպանմանը: «ՀԲԸՄ-ն լավագույնս է դրսեւորել իրեն՝ լինելու հայրենիքի բարգավաճման գլխավոր լծակներից մեկը, ինչպես նաեւ դառնալու 21-րդ դարի հայի տիպարի կերտման ուղեցույցը: Ես խորապես հանձնառու եմ իմ ջանքերը, փորձառությունը եւ բարեսիրական կարողությունները ներդնել՝ ի նպաստ այս ազնիվ կազմակերպության աշխատանքի: Ուրախ եմ նաեւ ՀԲԸՄ-ի եւ IDEA-ի միջեւ զարգացող համագործակցությամբ եւ մեր ծրագրային կողմնորոշումով, որի նպատակն է նոր հզոր ուժ հաղորդել հայ ժողովրդի առաջխաղացմանը»:

IDeA-ի եւ ՀԲԸՄ-ի ղեկավար մարմինների անդամ, ամերիկահայ գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանը ողջունել է նոր ձեւաչափի գործակցության մեկնարկը:

«Երկու տարի առաջ անդամակցելով ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովին, հաճույքն եմ ունեցել մոտիկից աշխատակցելու նախագահ Պերճ Սեդրակյանի եւ բազմաթիվ այլ անդամների հետ՝ ՀԲԸՄ-ի ապագային ուղղված տեսլականի հորիզոնները ընդարձակելու ուղղությամբ: Սերտորեն գործակցել ենք նաեւ Ռուբենի եւ IDEA-ի հետ, մշակելու համար այն ուղեգիծը, որ ՀԲԸՄ-ն իրականացնելու է իր նոր մարտավարությամբ: Այդ ընթացքում մենք գործակցական արդյունավետ կապեր ենք հաստատել նաեւ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների հիմնադիր եւ ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Սեմ Սիմոնյանի հետ: Այժմ, երբ իմ վաղեմի գործընկեր Ռուբեն Վարդանյանը միանում է ՀԲԸՄ-ի վարչական ժողովի կազմին, բոլորս խանդավառ ենք ձեռնարկելու կազմակերպչական վերափոխումների մեր հաջորդ հանգրվանը: Գոտեպնդված հարյուրամյակի ընթացքում հայության ցուցաբերած աննախադեպ ներուժով՝ մենք գիտակցությամբ ենք դիմագրավում մեր առաջ հառնող մարտահրավերները ու պատեհությունները»,-նշել է նա:

«Այս նախաձեռնությունը ծավալուն գործակցությունների եւ առաջընթացի մի նոր հանգրվան է հանդիսանում ՀԲԸՄ-ի համար: Ես հատկապես խանդավառված եմ ԹՈՒՄՈ կենտրոնների, UWC Դիլիջանի քոլեջի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի ընձեռած հնարավորություններով, որոնք նոր թափ են հաղորդում ՀԲԸՄ-ի կրթական ծրագրերին»,-ընդգծել է ՀԲԸՄ փոխնախագահ Սեմ Սիմոնյանը:

Share