Բաժին. Այլ Լուրեր

«Հարի Փոթերի» շարքի բոլոր գրքերը կտպագրվեն հայերեն

«Հարի Փոթերի» շարքի բոլոր գրքերը ընթերցողների սեղանին կդրվեն հայերեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում փետրվարի 18-ին նշեց «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը:

«Որքանով տեղյակ եմ` գիրքը ժամանակին հրատարակվել է հայերեն, ցավոք` ոչ օրինական ճանապարհով, ինչն այս պահին չենք կարևորում: Երկար բանակցելով գործակալների հետ` ունենք իրավունքները: Իրավունքների ձեռք բերումը դժվարացավ հենց այն պատճառով, որ մեր գրաշուկան ոչ շատ վստահելի էր համարվում: Բայց, տեսնելով մեր աշխատանքները, մոտեցումները, վերականգնեցինք վստահությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Էմին Մկրտչյանը:

Նրա խոսքով` պայմանավորվածություն կա բոլոր հատորների համար: «Այս պահին հրատարակվում է «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը»: 3-4 շաբաթից առաջին գիրքը կլինի ընթերցողների սեղանին: Շատ խնամքով է թարգմանված և պատրաստված: Չեք պատկերացնի` որքան են դիմում, հիշեցնում, պահանջում, որ ժամ առաջ ներկայացնենք գիրքը, ինչը շատ է ոգևորում»,-նշեց նա:

Էմին Մկրտչյանի տեղեկացմամբ`  երկրորդ՝ «Հարի Փոթերը և գաղտնի սենյակը» գիրքը լույս կտեսնի մինչև ամառ:

«Հարի Փոթերը» (Harry Potter) բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի հայտնի վիպաշարն է։ Ամեն մի վեպը նկարագրում է գլխավոր հերոս կախարդ Հարի Փոթերի կյանքի մեկ տարին։ Բոլոր 7 մասերն էլ դարձել են բեսթսելերներ և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով ։ Վերջին՝ յոթեր որդ մասը վաճառքի է հանվել 2007 թվականի հուլիսի 21-ին։ Գրքի ընդհանուր տպաքանակը կազմել է 325 միլիոն. ավելին, քան ուրևէ այլ գիրք երեխաների համար։

Share