Բաժին. Այլ Լուրեր

Շարմազանով․ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջիկայում կհայտարարեն միասնաբար հանդես գալու մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՅԴ-ի միջև ստորագրվելիք համաձայնագրի օրը դեռևս հայտնի չէ: Այնուամենայնիվ,  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ առաջիկայում կողմերը կհայտարարեն միասնաբար հանդես գալու մասին, կներկայացնեն իրենց ծրագրերը: «Չեմ կարող հիմա ասել, թե երբ կստորագրվի, սակայն կողմերն առաջիկայում կհայտարարեն միասնաբար հանդ ես գալու մասին և կներկայացնեն, թե ինչ ծրագրերի շուրջ է լինելու համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով տարածքային կառավարման նախարարությունն ԱԻՆ-ից անջատելու մասին կառավարության որոշմանը՝ Շարմազանովը հիշեցրեց, որ փետրվարի 19-ին այդ հարցը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում, որի ժամանակ էլ թե հիմնական զեկուցողը, թե պատգամավորները կներկայացնեն իրենց կարծիքները: «Վաղը մենք կլսենք հիմնական զեկուցողին, բոլոր հարցերը ծանր ու թեթև կանենք և կկայացնենք մեր որոշումը»,- եզրափակեց Շարմազանովը:

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն արդեն հայտարարել են, որ համագործակցության վերաբերյալ նախնական համաձայնություն կա: Սպասվում է, որ կողմերն իրենց համաձայնությունը կամրագրեն համագործակցության մասին համաձայնագրով, սակայն մինչ այդ պահը դեռ հայտնի չէ, թե երբ է ստորագրվելու այդ համաձայնագիրը: Իշխող քաղաքական ուժն արդեն արել է ՀՅԴ-ի հետ համագործակցության առաջին քայլը: Կառավարությունը հաստատել է տարածքային կառավարման նախարարությունն ԱԻՆ-ից տարանջատելու մասին որոշումը, որը փետրվարի 19-ին պետք է քննարկվի և հաստատվի նաև ԱԺ արտահերթ նիստի ընթացքում: Սպասվում է տարածքային կառավարման նախարարի պաշտոնը կստանձնի դաշնակցական Դավիթ Լոքյանը:

Share