Բաժին. Այլ Լուրեր

ԱՊՊԱ համակարգում կատարվող փոփոխությունները կնպաստեն ճանապարհային խցանումների թվի նվազեցմանը

ԱՊՊԱ համակարգում կատարվող փոփոխությունները կնպաստեն ճանապարհային խցանումների թվի նվազեցմանը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ««Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Ավտոպատահարից ստացված թեթև վնասների դեպքում, եթե, իհարկե, վնասի չափը չի գերազանցում 50 հազար դրամը, վարորդները կարող են խնդիրը լուծել միմյանց միջև` առանց ապահովագրական ընկերության աշխատակցին կանչելու: Կլինի համապատասխան բլանկ, վարորդները փոխհամաձայնության դեպքում կարող են դա լրացնել և մեքենանենրը դուրս բերել ճանապարհից:  Դա կարևոր քայլ է, բոլորս էլ գիտենք, թե հատկապես կենտրոնական հատվածներում ավտովթարների դեպքում ինչ խցանումներ են առաջանում»,-ասաց կազմակերպության նախագահը:

Անդրադառնալով ԱՊՊԱ համակարգում առկա խնդիրներին` Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ անհրաժեշտ է այնպիսի պայմաններ ստեղծել, որ վարորդը գործ ունենա միայն իր ապահովագրական ընկերության հետ: Այսինքն` ավտովթարի դեպքում գումար ակնկալող վարորդը դիմի հենց իր ապահովագրական ընկերությանը: Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ ներկայում այդ հարցը քննարկվում է:

Դրանից բացի, նա ընդգծեց, որ լավ կլինի ավտովթարի դեպքում ապահովագրական ընկերությանը դիմելու ողջամիտ ժամկետ սահմանվի:

«Լինում են դեպքեր, երբ վարորդներն ինչ-ինչ պատճառներով ուշացումով են դիմում ապահովագրական ընկերությանն ու խնդիրների առաջ կանգնում: Ցանկալի է, որ սահմանվի ողջամիտ ժամկետ, ասենք մեկ ժամ: Ի վերջո, հնարավոր է, այնպիսի պատահար է, երբ ժամանակ է պետք, որ վարորդը շոկային վիճակից դուրս գա: Նման դեպքում նա ինչպե՞ս կարող է անմիջապես դիմել ապահովագրական ընկերություն»,-ասաց կազմակերպության նախագահը՝ ընդգծելով, որ, հետևաբար, ճիշտ կլինի՝ ժամանակ սահմանվի:

ՀՀ կառավարությունը հաստատել է ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող համաձայնեցված հայտարարագրի ձևը՝ դրանում ներառելով առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացվող հայտարարագիրը: Նախագծի արդյունքում պատահարի մասնակիցները պատահարի վայրում «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կանոններով սահմանված չափի՝ մինչև 50 հազար դրամի վնասով վթարի շրջանակում կկարողանան առանց ապահովագրական ընկերության համաձայնության լրացնել հայտարարագիրը և հեռանալ պատահարի վ այրից, ինչն էլ կնպաստի պատահարների արդյունքում խցանումների քանակի նվազեցմանը:

Share