Բաժին. Այլ Լուրեր

«Արմենպրես»-ն արժանացել է «Հայկյան» մրցանակի

«Արմենպրես» լրատվական գործակալությունն արժանացել է «Հայկյան» մրցանակի` «Նորամուտ» երիտասարդական նախագծի իրականացման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցանակը լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին հանձնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ով բեմ էր բարձրացել գործակալության լրագրող, «Նորամուտ» նախագծի հեղինակ Ռոզա Գրիգորյանի հետ,  իր խոսքում ընդգծեց, որ Ռոզա Գրիգորյանը լուսաբանում է մարդկանց գործունեությունն, ովքեր մի քիչ ավելի ավագ են իրենից: «Ռոզան ուսանող է, Ռոզան սովորում է ձեր կողքին և սիրում է իր մշակութային աշխատանքը և օրինակ է բազմաթիվ լրագրողների համար: Երբ առաջին անգամ իմ գործընկերներն ինձ ասացին այս նախագծի մասին, ես կարծում էի, որ ինքն իսկապես հաջողություն է ունենալու, ինչպես բազմաթիվ այլ նախագծեր, որ մենք այս տարի անելու ենք: Բայց որ այս նախագիծն արժանանալու է նման պատվաբեր մրցանակի, մենք չէինք սպասում: Շնորհակալություն բոլորին, մենք լինելու ենք Հայաստանի առաջատար լրատվական գործակալությունը: Մենք 97 տարեկան ենք, բայց ամենաերիտասարդն ենք, որովհետև մեր շուրջն են երիտասարդները: Մենք այսօր ստանում ենք այս մրցանակը, որը մեր թիմի մրցանակն է, մեր լրագրողների մրցանակն է, ովքեր այսօր այստեղ լուսաբանում են «Հայկյան» մրցանակաբաշխությունը»,- ասաց Անանյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հանրության դատին է հանձնել նոր՝ «Նորամուտ»խորագրով շարքը: Շարքի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավորև ստեղծագործող երիտասարդ դերասաններին, ռեժիսորներին, բեմադրիչներին, նկարիչներին,երաժիշտներին և այլն, պատմել, թե ինչով են նրանք ապրում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս և աշխարհը փոխելու ինչ ծրագրեր ունեն:

Share