Բաժին. Այլ Լուրեր

Մանրամասներ Քըրք Քըրքորյանի կտակից․ հնարավոր է որոշ մաս ուղղվի հայկական ծրագրերի իրականացմանը

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը կասկած չունի, որ ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հարստության մի մասը կուղղվի հայկական բարեգործական ծրագրերի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սասունյանը՝ նշելով, որ ամերիկահայ մեծահարուստի կտակում ընդամենը մեկ նախադասություն է եղել, որ իր ողջ հարստությունն ուղղում է բարեսիրության:

«Պարոն Քըրքորյանը երբեք իր կյանքում չի զբաղվել մանրամասնություններով, նա տվել է ընդհանուր ուղղություն, իր օգնականներն են, որ գործը կատարել ու կատարելու են՝ ըստ իր փափագի: Իր կտակում գրվել  է, որ ամբողջ հասրտությունը տալիս է բարեսիրության՝ առանց մանրամասնելու, թե որտեղ, հայ, թե օտար կազմակերպության: Կտակի պատասխանատու կա՝ կտակարար, մի մարդ, ով 50 տարի աշխատել է նրա հետ, շատ լավ գիտի պարոն Քըրքորյանի նախասիրությունները, մոտեցումները, մտայնությունը: Պարոն Քըրքորյանն իր ամբողջ կյանքում նվիրաբերել է գումարներ թե հայ, թե օտար ծրագրե րի: Ես կասկած չունեմ, որ հետմահու էլ իր փափագը նույնն է՝ իր հարստությունը գնա հայկական ու ոչ հայկական բարեսիրական ծրագրերի: Անշուշտ հայկականի մեջ է մտնում նաև Հայաստանը»,-ասաց Հարութ Սասունյանը:

Նա նկատեց, որ դեռ վաղ է այդ ծրագրերի մասին խոսելը, քանի որ իրավաբանական հարցեր կան: «MGM-ում իր ունեցած շահաբաժինները պետք է վաճառվեն, գումարի վերածվեն, դեռ մեկ տարի այդ հարցերը պետք է կարգարվորվեն, հետո նկատի կառնվի, թե որ ծրագրին ինչքան գումար կհատկացվի»,-նշեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Քըրք Քըրքորյանը նեղացել է Հայաստանից ու այդ պատճառով դադարեցրել «Լինսի» հիմնադրամի գործունեությունը, ապա Հարութ Սասունյանը դրանք որակ եց սուտ ու կեղծիք: Նա նշեց, որ Քըրք Քըրքորյանը պատճառ չուներ նեղանալու, իսկ կատարվել էր աշխատանք, որից նա գոհ էր:

2015 թվականի հունիսի 16-ին 98 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը:

Նա ծնվել է 1917թ. հունիսի 6-ին Ֆրեզնո քաղաքում: Զբաղվել է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ: Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար: 2001-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ: Հայաստանի Ազգային հերոս է: Պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով:

Share