Բաժին. Այլ Լուրեր

ԻՏՁՄ. ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ենթակառուցվածքի ներդրման ծրագիր

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՏՀՏ համայնքի մասնագիտական ներուժը միավորելու և հայկական բանակի մարտունակությունը բարձրացնելու նպատակով հանդես է գալիս երկու նախաձեռնությամբ:

Ստեղծվել է հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարը կհատկացվի Հայոց բանակի մարտունակությանն ուղղված կարևորագույն խնդիրների լուծմանը: Այն է՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300 52916980200:

Վերոնշյալից բացի, միությունը նախաձեռնել է ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ենթակառուցվածքի ներդրման ծրագիր, որի շրջանակներում արդեն հավաքագրվում է ՏՏ ընկերությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն։ 

Վերջին օրերի ռազմական գործողությունները կարևոր դասերից է ինքնակազմակերպման և դրանով առկա ներուժն արդյունավետ օգտագործելու համար: ԻՏՁՄ-ն համոզված է, որ ՏՀՏ ոլորտն ամբողջությամբ պատրաստակամ է իր մասնակցությունն ունենալու հայկական բանակի մարտունակության բարձրացմանը, Արցախյան ազատամարտին աջակցությանը, պատերազմի հետևանքների վերացմանը:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 ընկերություն և կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանը և  բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը : Դրանք են՝ «ԴիջիԹեք» ցուցահանդես, «ԴիջիԹեք բիզնես ֆորում», ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, «Բիզնես Ինովացիոն ֆորում», «ԴիջիՔեմփ» տեխնոլոգիական ճամբար, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, Հայաստանում Ռոբոտաշինության զարգացման ծրագիր (ԱրմՌոբոտիքս), «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ և այլն:

Share