Բաժին. Այլ Լուրեր

Ադրբեջանի իշխանությունը վախենում է հայտնել կորուստների իրական թիվը

Ադրբեջանի կառավարությունը, ի դեմս պաշտպանության նախարարության, սեփական հանրությունից վախենում է հայտնել ապրիլի 1-5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի արդյունքում ունեցած կորստի իրական թիվը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դա է վկայում վերջին օրերին քաղաքական կուսակցությունների ակտվիստների կողմից սոցիալական ցանցերում Ադրբեջանի իշխանությունից, ՊՆ-ից առաջնագծում ոչնչացված զինծառայողների թվաքանակի վերաբերյալ տեղեկություն հայտնելու պահանջների նկատմամբ պաշտոնական Բաքվի քար լռությունը, ինչից ենթադրելի է, որ իրական կորուստները թաքցվում են շատ մեծ լինելու պատճառով:

Այդ առնչությամբ musavat.com-ի հետ զրույցում ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը աջակցություն է հայտնել ադրբեջանական կողմի իրական կորուստը թաքցնելու Ադրբեջանի ՊՆ-ի դիրքորոշմանը: Նրա կարծիքով` եթե Ադրբեջանը հայտնի ապրիլյան ռազմական բախումներում զինծառայողների կորստի իրական թիվը, ապա հակառակորդն ու արտաքին ուժերը այն կարող են «օգտագործել» երկրի դեմ:

Ադրբեջանցի իշխանամետ փորձագետը հանրությանը հորդորել է ՊՆ առաջ նման պահանջ չդնել` նշելով, որ այդ հարցում ՊՆ դիրքրոշումը «միանգամայն ճիշտ է»:

«Կարծում եմ, կորուստների մասին խոսել պետք չէ: Պատերազմի օրենքներից մեկն էլ այն է, որ թշնամուն առիթ չտալու համար անհրաժեշտ է տեղեկատվության քաղաքականության մեջ որոշակի չափով մանյովրներ կատարել: Փաստերը բացահայտելու պահը գալու ժամանակ որոշ լուրջ հարցեր են եղել, երեւի` պաշտպանության նախարարությունը դրա հետ կապված քայլեր կկատարի», -ասել է նա:

Նշենք, որ Ուզեիր Ջաֆարովն ավելի վաղ համաձայնություն էր հայտնել այն հանրահայտ իրողության հետ, որ պատերազմներում միշտ էլ հարձակվող կողմն ավելի շատ կորուստ է ունենում, քան պաշտպանվող կողմը:    

Ադրբեջանական կողմն ապրիլյան իր կորուստների մասին վերջին տեղեկությունը հայտնել է ապրիլի 3-ին: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլըն ԶԼՄ-ներին ասել է, որ այդ օրվա դրությամբ` ադրբեջանական կողմն ունի 31 կորուստ` չնշելով ոչ անհետ կորած, ոչ էլ վիրավորված զինծառայողների թիվը:

Սակայն, Meydan TV ինտերնետային հեռուստաալիքը, հետազոտելով սոցցանցերում ապրիլի սկզբին ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները, ապրիլի 11-ի հայտնել է ապրիլի 1-5-ին  93 զինծառայողի կորստի, 34-ի վիրավոր լինելու եւ 6-ի անհետ կորելու մասին:

Ադրբեջանի ՊՆ-ն այդ պնդմանը դեռեւս պաշտոնապես չի անդրադարձել:

Ապրիլի 11-ին հայկական կողմը 13 ադրբեջանցի զինծառայողի դի է վերադարձրել Ադրբեջանին:

Միջազգային Bellingcat վերլուծական խումբն ավելի վաղ հայտնել է, որ իր «զգուշավոր գնահատականներով», ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստը նվազագույնը 400 զինծառայող է: 

Չնայած ադրբեջանական կողմի խնդրանքով ապրիլի 5-ին ժամը 12:00-ից հայկական կողմի հետ զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը,

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է խախտել այն եւ գնդակոծել հայկական բնակավայրերն ու ԶՈւ դիրքերը:

ԼՂ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիային հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

Share