Բաժին. Այլ Լուրեր

Beeline. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ազգային PR մրցանակաբաշխություն

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը Beeline-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ կհիմնադրի ազգային մրցանակ PR ոլորտում:

Մրցանակաբաշխության նպատակն է համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը: Հայկական PR մրցանակաբաշխությունը կօգնի նոր չափանիշ սահմանել հանրային կապերի պատասխանատուների համար, խթանել առողջ մրցակցություն մասնագիտական դաշտում, լինել առավել ստեղծագործ, ինքնատիպ ու առաջադեմ:

«Հանդիսանալով երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ղեկավար` իմ փորձով բազմիցս համոզվել եմ, որ հաջողության հասնելու գործում անհրաժեշտ է կայացնել ճիշգրիտ որոշումներ, ընտրել ճիշտ մոդելներ՝ հաղորդակցություն կառուցելու ժամանակ։ Կարևորելով այն, որ հանրային կապերի դերը շարունակաբար աճում է և արհեստավարժ մասնագետները գնալով ավելի գնահատված և պահանջված են դառնում շուկայում, շատ ուրախ եմ, որ հենց Beeline է ստանձնել այս ոլորտի աջակցությունը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ցանկացած ընկերության գրագետ գործունեության համար ճիշտ PR-ռազմավարության մշակումն ու իրականացումը կենտրոնական նշանակություն ունեն: Ունենալով լավագույն փորձերից մեկը PR-ի ոլորտում, Beeline-ը կարևորում է այդ փորձի փոխանակումն այլ կազմակերպությունների մասնագետների հետ: «Հայկական PR մրցանակաբաշխություն»-ը մեզ կտա այդ հնարավորությունը, միևնույն ժամանակ կնպաստի PR-ի գնահատման նոր չափանիշներ ձևավորմանը և կխթանի հայկական PR-մշակույթի զարգացմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Տաթև Այրումյանը:

«Արդեն տասը տարի մեր կազմակերպությունն իրականացնում է բազմաբնույթ PR նախագծեր և ուսուցողական ծրագրեր, որոնք նպաստում են PR մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Մեզ այսօր անհրաժեշտ են գիտակ հանրային կապերի մասնագետներ, խորհրդատուներ, ովքեր կնպաստեն իրենց ընկերությունների, կազմակերպությունների դրական կերպարի ձևավորմանը, հրապարակայնացմանը, գրագետ և թափանցիկ աշխատաոճի որդեգրմանը: Այս ամենը հաշվի առնելով՝ ասոցիացիան նախաձեռնեց Հայկական PR մրցանակաբաշխությունը, որի արդյունքները կբխեն իրականացվող հետազոտությունից: Մրցանակաբաշխությունը հնարավորություն կտա գնահատել հանրային կապերի ոլորտում արձանագրած հաջողություններն ու բացթողումները, մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները»,- նշում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Հանրային կապերի ոլորտում առաջին անգամ իրականացվող հետազոտությունը հնարավորություն կտա վերլուծելու Հայաստանում անկախացումից հետո մասնագիտական ձեռքբերումները, պարզելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները՝ նպաստելով հանրային կապերի մասնագետի կրթմանն ու արժևորմանը: Հետազոտությունների արդյունքները կամփոփվեն Հայկական PR մրցանակաբաշխությանը:

Մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին, ինչպես նաև «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ 10-ամյակին:

Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline:

Share