Բաժին. Այլ Լուրեր

Արամ Մանուկյանի տունը կպահպանվի, այն ընդգրկված է Հին Երևան համալիրի կառուցապատման ներդրումային ծրագրում

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պատասխանել է ՀՅԴ ԳՄ  ներկայացուցիչ Աղվան Վարդանյանին Արամ Մանուկյանի տունը պահպանել-վերակատուցելու հարցով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարի պատասխանում ասվում է.

«ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման, ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով Արամի 9 հասցեում 1910 թ. կառուցված շենքը, որտեղ ժամանակին բնակվել է անվանի քաղաքական և հասարակական գործիչ Արամ Մանուկյանը, ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես հանրապետական նշանակության հուշարձան: Ներկայումս կառույցը ներառված է «Հին Երևան» համալիրի կառուցապատման ներդրումային ծրագրում: Ըստ ծրագրի նախագծի նախատեսված է պահպանել և վերակառուցել գոյություն ունեցող շինությունը, որպես ընդհանուր համալիրի մաս:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, որպես 2014թ. դեկտեմբերի 2-ին «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սրմաքեշի հետ «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ՀՀ կառավարության կողմից ստորագրող կողմ, հետևողական է լինելու շենքի պահպանման և վերակառուցման գործընթացներին: Միևնույն ժամանակ հաշվի առնելով բազմաթիվ հասարակական և քաղաքական կազմակերպությունների կողմից բազմիցս ներկայացված առաջարկությունները՝ վերոհիշյալ շենքում Արամ Մանուկյանի կյանքին և գործունեո ւթյանը նվիրված թանգարանային գոտի ստեղծելու մասին, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հետամուտ է լինելու ծրագրի իրականացման ընթացքում կառուցապատող ընկերությանը խնդիրը ներկայացնելու և իրագործելու հարցում»:

Share