Բաժին. Այլ Լուրեր

Մարտունի-Վարդենիկ ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը Վաղաշեն-Աստղաձոր-Զոլաքար-Վարդենիկ գյուղերին կապող միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգումը, որի մեկնարկը տրվել է այս տարվա հուլիսից, կենսական ու տնտեսական կարևոր նշանակություն ունի վերոնշյալ 5 համայնքների ավելի քան 40 հազար բնակիչների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպսրտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանը, հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 10,5 կիլոմետր, որից մոտ 8 կիլոմետրն անցնում է Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի արևելյան հատվածով և Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ  բնակավայրերի ներսով: Խոշոր ու կենսական կարևոր նշանակության այս ծրագիրն իրականացվում է «Համաշխարհային բանկ»-ի միջոցներով՝ 1 միլիարդ 942 միլիոն դրամի ներդրմամբ: Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Կապավոր» ՍՊԸ ճանապարհաշինարարները:

«Ավելի քան 1 ամսվա ընթացքում ճանապարհի վրա կատարվել են հողային հարթեցման և ջրահեռացման  համակարգերի տեղադրման աշխատանքներ: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2017 թվականի հոկտեմբերին: Շինարարությունն ընթանում է 2 տեղամասերում: Ճանապարհը, որն իրար է կապում 1 քաղաքային և 4 գյուղական խոշոր բնակավայրեր, նորոգման չէր ենթարկվել ավելի քան 30 տարի և գրեթե դարձել էր անանցանելի, իսկ բոլոր բնակավայրերի ներսում՝ դժվարանցանելի: Վերոնշյալ համայնքների բնակիչները ճանապարհատրանսպորտային հաղորդակցությունը միմյանց հետ ստիպված էին իրականացնել հիմնականում Մարտունի-Վարդենիս մայրուղու օգնությամբ, ինչը ոչ միայն ավելացնում էր ճանապարհի երկարությունը, այլ նաև գերբեռնում մայրուղու երթևեկությունը:

Ճանապարհի շահագործումից հետո ոչ միայն կապահովվի բարձրակարգ անցանելիությունը և կկրճատվի տրանսպորտային հաղորդակցության երկարությունը, այլ նաև մասամբ կթեթևանա Երևան-Վարդենիս-Մարտակերտ մայրուղու ծանրաբեռնվածությունը»-ներկայացրեց Գևորգ Խաչատրյանը: Ճանապարհի հիմնանորոգումը հույժ կարևորում են նաև վերոնշյալ համայնքներում, ինչին մարդիկ անհամբեր սպասել են տասնամյակներով:

Share