Բաժին. Այլ Լուրեր

Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբար

Վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 17-ին այցելել է Դիլիջանի ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ օգոստոսի 13-25-ը ՀՊՏՀ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբար, որտեղ անցկացվում է «Ուսանողական ամառ 2016» ամենամյա մարզամշակութային մրցույթ-փառատոնը:

«Մենք` Արցախն ենք» կարգախոսով անցկացվող մրցույթ-փառատոնում ջոկատները կրում են ԼՂՀ վարչական շրջանների անվանումները: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող այս ծրագրի շրջանակում բուհի 6 ֆակուլտետները ներկայացնող ջոկատներն ուժերն են չափում մարզական և մշակութային տարբեր մրցույթներում:

Հովիկ Աբրահամյանը շրջել է ճամբարում, հետաքրքրվել մրցույթ-փառատոնի ընթացքով, ուսանողների առօրյայով: Կառավարության ղեկավարը զրուցել է ուսանողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են կառավարության գերակա ծրագրերին, կրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումներին, բուհերի հետագա զարգացմանը և այլն: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, որոնք նպաստում են ուսանողների միջև նոր կապերի հաստատմանը, առողջ ապրելակերպի խրախուսմանն ու երիտասարդների հանգստի ապահովմանը: Վարչապետը նշել է, որ կարևորում է ուսանողների հետ պարբերական հանդիպումները և ավելացրել, որ դրանք հնարավորություն են տալիս լսել երիտասարդների տեսակետները, առաջարկներն ու մոտեցումները: Գործադիրի ղեկավարը ողջունել է նաև այն, որ միջոցառումն անցկացվում է Արցախին նվիրված կարգախոսով:

Այնուհետև վարչապետը ներկա է գտնվել վոլեյբոլի և սեղանի թենիսի մրցումների եզրափակիչ հանդիպումներին և հաղթողներին անձամբ հանձնել պարգևները:

Share