Բաժին. Այլ Լուրեր

Արփինե Հովհաննիսյան. պետական գնումներին մասնակցող կազմակերպությունների իրական սեփականատերերը պետք է հայտնի լինեն

Պետական գնումներին մասնակցող կազմակերպությունների իրական սեփականատերերը պետք է բացահայտվեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ եթե առկա են տվյալ կազմակերպության միայն իրավաբանական անձ հանդիսացող  իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալներ, ապա միայն դրանք բավարար չեն իրական սեփականատերերի բացահայտման պահանջը կատարված համարելու համար:

«Պետք է հստակորեն հայտնի լինի այն ֆիզիկական անձը, որը կապված է կազմակերպության հետ: Ընդ որում՝ պետք է ներկայացվեն իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ իրենք են իրական սեփականատերերը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Արդարադատության նախարարությունն առաջարկում է մի կարգավորում, որը գնումների ողջ գործընթացը կդարձնի առավել թափանցիկ:

Նրա խոսքով՝ գնումների գործընթացում հաղթող ճանաչված կազմակերպության իրական սեփականատիրոջ կամ սեփականատերերի տվյալները տեղադրվելու են գրանցամատյանում, որը բաց  է լինելու հանրության համար: «Գրանցամատյանի ստեղծման պարագայում այդ անձինք կխուսափեն կեղծ տվյալներ ներկայացնելուց՝ վստահ լինելով, որ այդ մասին հանրությունն անմիջապես կիմանա: Նաև հստակ մեխանիզմներ կսահմանվեն, որոնք կեղծ տվյալներ ներկայացնողների համար քրեական պատասխանատվություն կնախատեսեն, ինչպես նաև կնքված գործարքը չեղյալ կհամարվի»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Օգոստոսի 18-ին, ՀՀ Կառավարության նիստում, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վարչապետի հանձնարարականով մանրամասներ ներկայացրեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերում քննարկված բազմաթիվ հարցերի և տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ:

Share