Բաժին. Այլ Լուրեր

1.2 մլրդ դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 1,2 մլրդ դրամ կհատկացվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրելու համար:

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Երևանի Ս. Հովսեփյանի անվան N 115 ավագ դպրոցի ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու և Երևանի Կարմիր Բլուր, 2-րդ նրբանցքի N 118 բնակելի տան սույն թվականի մայիսի 23-ի ուժեղ քամուց վնասված 41 քմ մակերեսով տանիքի վերականգնման աշխատանքները փոխհատուցելու նպատակով:

Հոկտեմբերի 2-5-ը Բրազիլիայում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 20-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ համաժողովը կազմակերպվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից և կարևոր նշանակություն ունի միջազգային կառույցների ու առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանման, տարբեր երկրների ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացման, ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման նոր շուկաների բացահայտման, օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում:

Share