Բաժին. Այլ Լուրեր

Դարպասապահ Արսեն Բեգլարյանի գերազանց խաղը չփրկեց Հայաստանին նվազագույն հաշվով պարտությունից

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ պարտվեց Դանիայի ազգային թիմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման հենց մեկնարկից դանիացիները նետվեցին առաջ և ահռելի առավելություն ստացան:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մոտ խաղի հենց սկզբից ոչինչ չէր ստացվում. բացակայում էր թիմային խաղը, ֆուտբոլիստները գնդակը ստանալուն պես անմիջապես ուժեղ հարվածով առաջ էին ուղարկում կամ նվիրում էին մրցակցին: Այսպիսի խաղի պայմաններում հաջողությունը դանիացիներին ուղղակի չէր կարող չուղեկցել: Հանդիպման 18-րդ րոպեին նրանք հերթական գրոհը կազմակերպեցին, որի արդյունքում «Տոտենհեմ»-ի կիսապաշպան, Դանիայի հավաքականի առաջատար Քրիտիան Էրիկսենը տուգանային հրապարակից դուրս ընդունելով գնդակը, մեկ հպումով կատարած  հարվածով գրավեց Արսեն Բեգլարյանի դարպասը:

Բաց թսղած գնդակից հետո էլ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները շարունակում էին նույն խաղը ցուցադրել. մեր թիմի ֆուտբոլիստները ոչ մի կերպ չէին կարողանում դուրս գալ պաշտպանությունից և վտանգավոր գրոհ կազմակերպել: Առաջին խաղակեսի ընթացքում նախաձեռնությունը թելադրում էին միայն դանիացիները և մի քանի անգամ էլ կարող էին աչքի ընկնել, սակայն նոր գոլեր առաջին 45 րոպեների ընթացքում չարձանագրվեցին: Առաջին խաղակեսում, թերևս, Հայաստանի հավաքականւի միակ արդյունավետ գործողությունը եղավ հանդիպման 33-րդ րոպեին, երբ Արաս Օզբիլիսը, ստանալով գնդակը մրցա կցի տուգանային հրապարակի մատույցներում, փորձեց գրավել մրցակցի դարպասը, սակայն նրա հարվածից հետո հաջող խաղաց դանիացնիերի դարպասապահը: Արաս Օզբիլիսը, ով առաջին խաղակեսում ամենաակտիվ ֆուտբոլիստն էր Հայաստանի հավաքականի կազմում, այդ հարվածը կատարելու պահին վնասվածք ստացավ և փոխարինվեց 38-րդ րոպեին. նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Գևորգ Ղազարյանը:

Երկրորդ խաղակեսում էլ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ոչնչով աչքի չէին ընկնում: Դանիացնիերը շարունակում էին տիրել խաղային և տարածքային նախաձեռնությանը: Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները նետվեցին առաջ և անընդհատ գրոհներ էին կազմակերպում, իսկ մեր հավաքականի ֆուտբոլիստները շարունակում էին աչքի ընկնել միայն գնդակը որքան հնարավոր է հեռու ուղարկելով: Դանիացիները մի քանի անգամ էլ շատ վնտանգավոր գրոհներ կազմակերպեցին, սակայն նրանց գոլ հեղինակել չհաջողվեց միայն Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանի հիանալի խաղի շնորհիվ:

Հանդիպման 71-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց Հայաստանի հավաքականի դարպասին: Տուգանային հրապարակում մրցակցի նկատմամբ կանոնները խախտել էր Հովհաննես Համբարձումյանը: Գնդակին մոտեցավ Քրիստիան Էրիկսենը, սակայն նրա հարվածը և հետ մղելուց հետո հետևած հարվածը չեզոքացրեց դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ով ողջ հանդիպման ընթացքում լավագույնն էր Հայաստանի հավաքականի կազմում:

Հանդիպման 76-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները շատ լավ հնարավորություն ունեին հաշիվը հավասարեցնելու համար: Դաշտի կենտրոնում դանիացիները կորցրեցին գնդակը, ինչի հետևանքով մեր ֆուտբոլիստները վտանգավոր գրոհի հնարավորություն ստացան, սակայն նպաստավոր դիրքում հայտնված Մարկոս Պիզելին հապաղեց ու կորցրեց գոլ հեղինակելու հրաշալի հնարավորությունը:

Խաղի մնացած ժամանակահատվածում դանիացնիերը վստահորեն վերահսկում էին խաղը և ոչ մի հնարավորություն չտվեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին: Խաղն ավարտվեց նվազագույն 1:0 հաշվով՝ օգուտ Դանիայի ազգային հավաքականի:

Share