Բաժին. Այլ Լուրեր

Ճապոնիայում ապրում է 100-ից բարձր տարիք ունեցող ավելի քան 65 հազար մարդ

Ճապոնիայում ներկայում 65 հազար 692 մարդ Է ապրում, որոնց տարիքը գերազանցում Է 100-ը. այս տվյալները երկրի առողջապահության նախարարությունը հրապարակել Է Ծերությունը պատվելու օրվա նախաշեմին, որը նշվելու Է սեպտեմբերի 19-ին եւ պետական տոն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սա ամենաբարձր ցուցանիշն Է երկրի ողջ պատմության ընթացքում: Երկարակյացների ճնշող մեծամասնությունը՝ 88 տոկոսը, կանայք են. 65 հազար մարդկանց թվում միայն 8 հազարն Է տղամարդ, իսկ 57 հազարը կանայք են:

Յուրաքանչյուր 100 հազար բնակչին ընկնող երկարակյացների հարաբերակցությամբ առաջատարն արդեն չորրորդ տարին Սիմանեի պրեֆեկտուրան Է՝ 96,25 ցուցանիշով:

Ամենատարեց ճապոնուհին ապրում Է Կագոսիմա պրեֆեկտուրայում. նա ծնվել Է 1900 թվականի օգոստոսին: Ամենատարեց տղամարդը՝ Մասամիցու Յոսիդան, ապրում Է Տոկիոյում, լրացել Է նրա 112 տարին:

Նախարարությունը երկարակեցության աճի հիմնական պատճառը համարում Է բժշկական սպասարկման եւ ամենատարեց մարդկանց գիտակցության բարձր մակարդակը, որոնք աշխատում են ժամանակին դիմել բժիշկներին:

Ծերությունը պատվելու օրը առողջապահության նախարարությունն ավանդաբար 100 տարեկան դարձած յուրաքանչյուր բնակչի ուղարկում Է արծաթե գավաթ եւ պատվոգիր:

Սկզբում գավաթը պատրաստում Էին մաքուր արծաթից, սակայն երկարակյացների աճող թվի պատճառով այս տարվանից այն փոխարինել են արծաթազօծ գավաթով, ինչը կրկնակի կրճատել Է դրա գինը: Չնայած դրան, 100-ամյա հոբելյարներին շնորհավորելու կապակցությամբ առողջապահության նախարարության ծախսերը կազմում են շուրջ 150 մլն իեն (շուրջ 1,5 մլն դոլար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share