Բաժին. Այլ Լուրեր

Վարդան Հարությունյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գազրպոմ Արմենիայի աշխատակիցների հետ՝ նա կգլխավորի ՊԵԿ-ը

Հայկական Ժամանակը հերթական անգամ անդրադարձել է ՊԵԿ նախագահի փոփոխության մասին լուրերին։

«Հայկական Ժամանակը, հղում անելով իր աղբյուրներին, օրեր առաջ գրել էր, որ առաջիկայում պաշտոնանկ է արվելու նաեւ պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը եւ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ ու գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

Վերջինիս, սակայն, ըստ իշխանական շրջանակների, այս ամբողջ ընթացքում չէր հաջողվում համոզել, որպեսզի հրաժարական տա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնից ու ստանձնի ՊԵԿ նախագահի պաշտոնը:

Ըստ ամենայնի, Հարությունյանը, հաշվարկելով, թե ինչ է իրեն սպասվում ՊԵԿ-ում (հարկերի թերհավաքագրում` տնտեսական ծանրագույն վիճակի պատճառով) եւ ինչից է ինքը զրկվելու` «Գազպրոմ Արմենիային» հրաժեշտ տալուց հետո, կառչած էր մնացել իր պաշտոնից:

Քիչ առաջ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան Վարդան Հարությունյանը հրավիրել է «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներին եւ հրաժեշտի հանդիպում կազմակերպել:

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը Կարեն Կարապետյանի ամենավստահելի անձանցից է: Երբ Կարեն Կարապետյանը 2010 թվականին դարձավ Երեւանի քաղաքապետ եւ թողեց «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենի պաշտոնը, այդ պաշտոնում նշանակվեց հենց Վարդան Հարությունյանը` սկզբում որպես պաշտոնակատար, իսկ 2011-ից` գլխավոր տնօրեն», – գրում է կայքը:

Share