Բաժին. Այլ Լուրեր

Հայաստանում մեկնարկել է անալոգային հեռարձակման ցանցի անջատման ծրագիրը

Հայաստանում հոկտեմբերի 20-ին մեկնարկել է անալոգային հեռարձակման ցանցի փուլային անջատման ծրագիրը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը նշեց, որ անալոգային հեռարձակման անցնելու ծրագիրը սկսվում է Սյունիքի, Տավուշի Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից:

«Դեռ 2015 թվականից մենք տեխնիկապես պատրաստ ենք եղել, սակայն կառավարությունը որոշել էր հետաձգել` ելնելով սոցիալական բացադրիչից:  Նպատակն այն էր, որ բարեփոխումներին առավել մեղմ անցում կատարվի»,-ասաց Արթուր Առաքելյանը: Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում սոցիալապես անապահով 110 հազար ընտանիքներին անվճար տրամադրվել են ընդունիչ սարքեր: Երկու հազար ընդունիչ  սարք էլ անհատույց տրամադրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

Դրանից բացի, այս ընթացքում հնարավորություն է տրվել, որ դաշտում առկա սուբյեկտները տեղ գտնեն հանրային մուլտիպլեքսերում: Կատարված աշխատանքների արդյունքում, փոխնախարարի վստահեցմամբ, Հայաստանի ամբողջ տարածքով տեխնիկապես 100 տոկոսով ապահովվում է թվային ազդանշան:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ  ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը նշեց, որ թվայնացման հեռարձակման անցնելու ծրագրի ընդհանուր գումարը նախանշված է եղել 15,6 մլն ԱՄՆ դոլար: Այդ գումարից 12 մլն դոլարն ուղղվել է  ենթակառուցվածքներին, տեխնիկական համակարգերին, ծրագրային ապահովմանը:  1,7 մլն դոլարն էլ ուղղվել է սոցիալապես անապահով ընտանիքների համար կցորդ սարքեր գնելուն: Մնացած գումարը հարկերի տուրքերի տեսքով վերադարձվել է ՀՀ բյուջե:

«Այժմ Հայաստանում վերգետնյա հեռուսատեսային թվային հեռարձակում իրականացվում է 210 տարածքային կայանների միջոցով, որոնք հեռուստադիտողին են հասցնում վերջնական արտադրանքը: Բոլոր կայանները համալրված են միասնական հաղորդիչ սարքերով: Թվային հեռարձակմամբ հնարավոր կլինի ապահովել բարձրորակ պատկեր, բարձրորակ ձայնային ազդանշան»,-ասաց Գրիգոր Ամալյանը:  Նրա խոսքով՝ հեռուստաընկերությունները հնարավորություն ունեն լսարանին ներկայացնել իտերակտիվ բաղադրիչներ:

Share