Բաժին. Այլ Լուրեր

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ և Արմենպրես. հատուկ նախագիծ՝ հայ գյուղացու մասին

«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսում իր ուրույն տեղն ուներ «ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «Արմենպրես» լրատվական գործակալության իրականացրած նախագիծը: Ներկայացված երկու տասնյակ լուսանկարները պատմում էին մարդկային յուրօրինակ ճակատագրերի մասին։ Նախագծի շրջանակում հրատարակվեց նաև լուսանկարների կատալոգ, որի միջոցով հնարավոր է ծանոթանալ լուսանկարներին, ինչպես նաեւ հերոսների համառոտ պատմություններին:

Համացանցը հնարավորություն է տալիս ներկայացնել այդ պատմություններն ամբողջությամբ։  Մենք պարբերաբար, հատուկ նախագծի ձևաչափով, կներկայացնենք այդ պատմությունները։

«Մեր հիմնական նպատակն ու ցանկությունն այն է, որ մեր գործընկեր-հաճախորդներն ավելի շատ հաջողություններ ունենան: Մենք հպարտանում ենք մեր գործընկերների անգամ ամենափոքր ձեռքբերումներով, մնում ենք նրանց կողքին բոլոր փորձությունների ժամանակ, եւ դա է պատճառը, որ գյուղացին ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը համարում է իրենը»,- ասում է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Հիրավի, արագացող տեղեկատվության դարում, շատ ավելի քիչ են ակնարկները և մարդկային պատմություններ ներկայացնող լրագրողները։ Այս առումով, նախագիծը կփորձի փակել այդ բացը։ «Պատմությունների շարքը վերաբերում է մարդկանց , որոնք կարող էին երբեք չհայտնվել լրատվական գործակալությունների ժապավեններում, մարդիկ, ովքեր հաճախ իրենք էլ չեն հասցնում հետեւել օրվա լուրերին, սակայն այդ հանգամանքը բնավ չի նվազեցնում այն հսկայական ներդրումը, որ նրանք ու նրանց նման հազարավորները բերում են իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով: Իհարկե, թվում է՝ լրատվության տեմպի արագացումը ավելի քիչ հնարավորություններ է թողնում թեմային համակողմանի անդրադառնալու համար. այս առումով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի հետ իրականացված ծրագիրը սպասված ու կարեւոր է: Այն ուշադրություն է բեւեռում անկախության հերոսներից մեկի՝ հայ գյուղացու վրա»,- ասում է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Ակնարկները հեղինակել է «Արմենպրես» լրատվական գործակալության երկարամյա թղթակից Լևոն Ազրոյանը, լուսանկարների հեղինակը «Արմենպրեսի» ֆոտոթղթակից Մխիթար Խաչատրյանն է։

Share