Բաժին. Այլ Լուրեր

Կկրճատվի ԱՊՊԱ հատուցման գործընթացի տևողությունը

Ապահովագրական ոլորտում 2017 թվականի ապրիլի 1-ից կներդրվի ուղիղ հատուցումների համակարգը, որը  հնարավորություն կտա քաղաքացիներին առանց ապահովագրական ընկերություններ այցելելու կնքել ԱՊՊԱ պայմանագրեր եւ ստանալ ապահովագրական հատուցումներ: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

Նրա խոսքով` նոր համակարգի ներդրումից հետո պատահարի դեպքում տուժող ավտոսեփականատերերը հատուցումներ կստանան իրենց հետ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններից, իսկ հատուցում վճարող ապահովագրական ընկերությունները հետագայում փոխադարձ հաշվարկներով այդ գումարները հետ կստանան վնաս պատճառողի ապահովագրական ընկերությունից: «Այս համակարգի ներդրումը թույլ կտա, որպեսզի ավտոսեփականատերերը պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում գործ ունենան միայն իրենց կողմից ընտրված ապահովագրական ընկերությունների հետ, եւ դա թույլ կտա վերականգնել ապահովագրական ընկերությունների կողմից պայմանագրերի առավելագույնս որակյալ սպասարկում իրականացնելու շարժառիթը»,-ասաց նա:

Ավետիսյանը նշեց, որ փոփոխությունները կբարելավեն ապահովագրական ընկերությունների կողմից իրականացվող գործընթացներն ու կկրճատեն ապահովագրական հատուցման գործընթացի տեւողությունը: «Միջինը 2 շաբաթում կարելի կլինի կազմակերպել ապահովագրական հատուցման փորձաքննությունների քննարկման ամբողջ գործընթացը»,-հավելեց բանախոսը:

ԱՊՊԱ ոլորտում կատարված փոփոխությունները տարածվելու են ինչպես  2017 թվականի ապրիլի 1-ից հետո կնքված ԱՊՊԱ պայմանագրերի, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագրերի հիման վրա 2017 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

Share