Բաժին. Այլ Լուրեր

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ կգործարկվեն խոշոր մարզկենտրոններում

Կառավարության նիստում, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշումների փաթեթ, որոնց շրջանակներում շարունակվում են «Պետական ծառայությունների մատուցման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնման աշխատանքները: Հովհաննիսյանը նշեց, որ այդ նպատակով ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել «ՀՀ կառավարության լիազորած օպերատորի կողմից քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման, ՀՀ արդարադատության նախարարության կողմից փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու համար ընդունված դիմումները ներկայացնելու, ինչպես նաև այդ դիմումների հիման վրա հայցվող քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականների կրկնօրինակները և տեղեկանքները, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դրված փաստաթղթերը դիմողներին տրամադրելու կարգը հաստատելու մասին», «ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1561-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: «Վերոհիշյալ նախագծերի համաձայն նախատեսվում է ՀՀ կառավարության լիազորած օպերատորներին վերապահել հետևյալ բնագավառներում դիմումների և կից փաստաթղթերի ընդունման, պետական մարմիններին հանձնելու և պետական մարմինների կողմից պատրաստված ավարտական փաստաթղթերը քաղաքացիներին հանձնելու գործառույթները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Որոշումների ընդունման արդյունքում քաղաքացիները հնարավորություն կստանան ՀՀ կառավարության լիազորած օպերատորների՝ «Ամերիա», «Կոնվերս», «Արդշին» բանկերի և «ՀայՓոստ»-ի պետական ծառայությունների միասնական գրասենյակներում դիմում ներկայացնել և ստանալ ոչ միայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունները, այլ նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և Արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող պետական ծառայություններ:

Նախարարը հայտնեց նաև, որ նախատեսում է փուլային սկզբունքով պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ գործարկել ոչ միայն մայրաքաղաքում և խոշոր մարզկենտրոններում, այլ նաև բոլոր քաղաքային և գյուղական համայնքներում: Բացի ծառայությունների աշխարհագրական ընդլայնումից, նախատեսվում է նաև ընդլայնել գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների տեսակները:

Share