Բաժին. Այլ Լուրեր

Սերժ Սարգսյան. ընտրություններում ՀՀԿ հաղթանակի դեպքում կառավարությունը կշարունակի գլխավորել Կարեն Կարապետյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ համագումարի շրջանակներում։ Ելույթի ընթացքում նա նաև խոսել է 2017թ.-ի ԱԺ ընտրությունների մասին։

«Այժմ մեր առաջնահերթ խնդիրն է՝ 2017 թվականի գարնանը կազմակերպել և անցկացնել անբիծ ընտրություններ: Մեզ անհրաժեշտ է հենց այդպիսի վստահության քվե: Եվ այդ պարագայում, առանց վարանելու ու շեղվելու, մենք առաջ կընթանանք մեր երկրի բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիով:

Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ։ Մենք մեր ծրագրերով, նոր նախաձեռնություններով ու թարմացվող գործելաոճով փորձելու ենք պահպանել ու ավելացնել մեր կուսակցության դերակատարումը նաև Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված նոր քաղաքական միջավայրում։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք շատ ավելի մոտ լինել մեր հիմնական շահառուին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և, միաժամանակ, շատ ավելի դինամիկ, անընդհատ կատարելագործվող ու ճկուն՝ քաղաքական բանավեճում և գաղափարների մշակման գործում։

Ասեմ նաև, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը:», – ասել է նախագահ Սարգսյանը։

Share