Բաժին. Այլ Լուրեր

Գաղափարներն այնպես պետք է շրջանառել, որպեսզի բիզնեսը հետաքրքրություն ցուցաբերի մշակույթի ոլորտում

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ներկայացնելով ոլորտում իրականացվող քայլերը և ծրագրերը, մասնավորապես, անդրադարձել է մշակութային օբյեկտների գործունեությանը, որոնք հաջորդ տարի հանրությանը ներկայանալու են առանձնակի տեսքով:
«Մեզ պետք է ոչ ստանդարտ եղանակով սայլը տեղից շարժել: Գաղափարներն այնպես պետք է շրջանառել, որպեսզի բիզնեսը հետաքրքրություն ցուցաբերի մշակույթի ոլորտում»,-ասել է վարչապետը՝ հորդորելով բիզնեսին ներգրավել մշակութային ծրագրերում:
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը զեկուցել է, որ հավաքագրվել են ներդրումային ծրագրեր և առաջիկայում կառավարություն կներկայացվի ներդրումային կոնկրետ ծրագրերի ցանկ՝ հստակ ժամանակացույցով:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն էլ տեղեկացրել է, որ դեկտեմբերից Գյումրիից կսկսի չվերթեր իրականացնել բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը: Միաժամանակ, Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2016թ.-ին կարձանագրվի ուղևորահոսքերի ռեկորդային ցուցանիշ՝ անցնելով 2 միլիոնի շեմը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ ապրիլյան դեպքերի ժամանակ արձանագրվել էր կտրուկ անկում: Նման արդյունք չի արձանագրվել 1991-92 թվականներից սկսած: Մասնավորապես նշվել է, որ աճը հիմնականում պայմանավորված է ներգնա հոսքերի ավելացմամբ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը զեկուցել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականների շրջանակում բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են, կարճ ժամանակահատվածում հասարակությանը տեսանելի կլինեն կատարված քայլերը թե մաքսային, թե հարկային ոլորտներում: Դեկտեմբերի 1-ից բիզնեսը կկարողանա օգտվել 87 ձև-ից, ինչի արդյունքում այլևս անհրաժեշտ չի լինի, որպեսզի Սյունիքից կամ այլ մարզերից բիզնես ներկայացուցիչները տարբեր հարցերի համար հասնեն Երևան: Ընթացքի մեջ է նաև ՊԵԿ համակարգում «մեկ պատուհան»-ի ներդրումը՝ համագործակցելով Սննդի անվտանգության պետական տեսչության հետ:

Share