Բաժին. Այլ Լուրեր

Կարեն Կարապետյան. կրթության պետական տեսչության կողմից արձանագրված խախտումները պետք է վերացվեն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերել է կրթության ոլորտին: «Վերջին ժամանակահատվածում Կրթության պետական տեսչության կողմից հանրապետության տարածքի հանրակրթական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ: Դրանք վերացնելու ուղղությամբ տեսչության կողմից տրվել են մի շարք առաջարկություններ և հանձնարարականներ: Հանձնարարում եմ մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեսչության կողմից բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված առաջարկների և տրված հանձնարարականների կատարումը և երկշաբաթյա ժամկետում տեղեկացնել միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին՝ անդրադառնալով յուրաքանչյուր առաջարկությանն ու հանձնարարականին», – ասել է գործադիրի ղեկավարը:

Կրթության և գիտության նախարարին վարչապետը հանձնարարել է նաև իրականացնել Կրթության պետական տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքների քննարկումները՝ ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ և ամփոփել արդյունքները. «Արդյունքների վերլուծման հիման վրա ներկայացնել առաջարկություններ՝ կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով»:

Share