Բաժին. Այլ Լուրեր

Պաշտոնյաներն այլևս չեն կարող 2 մլն դրամը գերազանցող կանխիկ գնումներ կատարել

Ապoրինի հարստացման քրեականացման մասին օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հուլիսի 1-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 22-ին ամփոփելով Արդարադատության նախարարության 2016 թվականի աշխատանքները, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց նոր օրենքի մի շարք առանձնահատկություններ:

«Ապօրինի հարստացման համար նախկինում չկար պատասխանատվություն, իսկ այժմ այն քրեականացվել է, սակայն պատասխանատվությունից խուսափելու այլ եղանակներ դեռևս կային: Այդ պատճառով մենք մի քանի օրենքներ  ներկայացրեցինք Ազգային ժողով:  Դա վերաբերում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին, որը Ազգային ժողովի կողմից ընդունվեց: Պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամներն այլևս չեն կարողանա կանխիկ գնումներ ու գործարքներ կատարել, եթե այդ գումարի չափը գերազանցում է երկու միլիոն դրամը»,- ընդգծեց նախարարը:

Նախարարը նշեց, որ եթե նախկինում դժվար էր լինում պարզել , թե ով է նվիրատվություն կատարել, ներկայումս օրենքում կարգավորումներ են կատարվել և դա հստակեցվել է:

«Օրենքն ուղղակիորեն թափանցիկ է դարձնելու ցանկացած  շրջանառություն: Այսինքն` ցանկացած  փոխառություն, որը տրվել է կամ ստացվել է տվյալ անձի կողմից, լինելու է անկանխիկ: Իսկ անկանխիկ նշանակում է, որ այն պաշտոնատար անձը, երբ իրեն հարց ուղղեն, չի կարող ասել, թե, օրինակ, երեք ամիս առաջ պարտքով գումար է տվել, հիմա այն իրեն վերադարձնում են: Բանկային բոլոր փոխանցումները հստակ երևալու են, և հատուկ մարմիններն այն ստուգելու են»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նախարարի` բավականին մեծ չափով ընդլայնվելու է պաշտոնատար անձանց փոխկապակցման շրջանակը:

«Այսօր կան մարդիկ, որոնց գործունեությունը ենթադրյալ  կամ պոտենցիալ կոռուպցիոն ռիսկեր կարող է պարունակել, բայց այդ անձինք հայտարարագիր  ներկայացողների շրջանակներում չեն: Այսօր Հայաստանի Հանրապետությունում մոտ 500 մարդ է ներկայացնում հայտարարագիր, և նրանց հետ փոխկապակցված  անձանց հետ միասին ընդհանուր մոտ 2000 հոգի են: Սա նշանակում է, որ շրջանակը բավականին ընդլայնվելու միտում ունի»,- շեշտեց նախարարը:

ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով պատասխանատվություն է նախատեսվել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա օրինական եկամուտները և որը ողջամտորեն չի հիմնավորվում այդ եկամուտներով: Ապօրինի հարստացման հանցակազմի համար նախատեսված է 3-ից ­6 տարվա ազատազրկում, ինչպես նաև որոշ պաշտոններում նշանակվելու իրավունքից զրկում: Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ապօրինի հարստացման դեպքերի վարույթ իրականացնող մարմինը կլինի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: 

2016 թվականին մշակվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար համապատասխանաբար վարչական և քրեական պատասխանատվություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը 2016թ. սեպտեմբերի 28-ին ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ:

2016 թվականին մշակվել է գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից կանխիկ դրամով կատարվող գործարքները սահմանափակող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը սույն թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել է Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ:

2016 թվականին մշակվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Նախագիծը սույն թվականի դեկտեմբերի 15-ին ներկայացվել է ՀՀ նախագահի աշխատակազմ:

Share