Բաժին. Այլ Լուրեր

Կարեն Կարապետյանի համար անակնկալ չէր ՀՀԿ ցուցակում չլինելը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համար անակնկալի չէր, որ չի ընդգրկվել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: «Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ: Կարող է կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց վարչապետը՝ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Վարչապետի խոսքով՝ եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հասնի հաջողության ու հնարավորություն ստանա կառավարություն ձևավորել, ինքը հույս ունի, որ ներկայիս թիմը կշարունակի պաշտոնավարել։

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ցուցակի երկրորդ համարը կլինի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդը`ՀՀ արդարադատության նախարար  Արփինե Հովհաննիսյանը, չորրորդը` ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, 5-րդը` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Ցուցակի 6-րդ համարն Արմեն Աշոտյանն է, 7-րդը` Էդուարդ Շարմազանովը, 8-րդը Մարգարիտ Եսայանը, 9-րդը` Սամվել Ֆարմանյանը, 10-րդը` Կարեն Ավագյանը:

Share