Բաժին. Այլ Լուրեր

Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000plus.am կայքէջի շնորհանդեսը. այս պահին հավաքագրվել է մոտ 417 մլն դրամ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, 27-րդ հոդվածի 4-րդ մասով, Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կանոնադրության 6-րդ գլխով, մարտի 2-ին տեղի է ունեցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

Հոգաբարձուների խորհրդի նիստում, միաձայն քվեարկությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընտրվել է Հիմնադրամի խորհրդի նախագահ: Հիմնադրամի տնօրեն է ընտրվել ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը: «Ազգային ժողովում քննարկումների ժամանակ երբ ներկայացնում էի այս նախաձեռնությունը, բազմաթիվ խնդիրներ լսեցինք հիմնադրամի թափանցիկության և արդյունավետության հետ կապված: Այդ իսկ պատճառով հոգաբարձուների խորհուրդը աշխատելու է թափանցիկ»,- ասել է պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ խորհուրդն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հիմնադրամին կատարվեն նաև կամավոր փոխանցումներ:

Անդրանիկ նիստի ընթացքում հաստատվել է նաև հիմնադրամի հաստիքացուցակը: Ըստ այդմ, Կենտրոնական բանկի 15 աշխատակից կամավորական սկզբունքով իրականացնելու են հիմնադրամի գործունեությունը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը առաջիկա հինգ տարիներին կկառավարի Կենտրոնական բանկը և դրա համար վարչական ծախսեր նախատեսված չեն:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի շրջանակում կայացել է նաև հիմնադրամի www.1000plus.am կայքէջի շնորհանդեսը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է մեր զոհված և վիրավորված հերոսների ու նրանց ընտանիքների ֆինանսական կայունությունն ու սոցիալական բարօրությունն ապահովելու նպատակով: Ձեր կողմից նվիրաբերված կամ վճարված յուրաքանչյուր լումա ուղղվելու է հենց այս նպատակի իրականացմանը, որի համար մենք հաշվետու ու թափանցիկ ենք:

Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող մեր աջակիցները կարող են վստահ լինել, որ այս նախաձեռնության շնորհիվ ապահովվելու է հայրենիքի հերոսացած պաշտպանի ընտանիքի բարեկեցությունը, վերջինիս ծնողների արժանավայել ծերությունը, փարատելու է նրա ամուսնու մտահոգություններն իր և իր երեխաների ապագայի մասին, զինծառայողների երեխաներին հնարավորություն է տալու ֆինանսավորել իրենց կրթությունը, իսկ վիրավոր զինծառայողին օգնելու է ուժերն ուղղել իր ապաքինմանը՝ առանց մտահոգվելու իր և իր ընտանիքի բարօրության մասին:

Այս նախագիծը սահմանին կանգնած մեր պաշտպաններին տալու է լրացուցիչ վստահություն, որ մեր բանակը կազմված է ոչ միայն զինծառայողներից, այլև յուրաքանչյուր հայից, ովքեր միասնաբար կանգնած են զինվորի կողքին և ում զինծառայողը կարող է վստահել իր և իր ընտանիքի բարեկեցությունը:

Share