Բաժին. Այլ Լուրեր

Ռալֆ Յիրիկյանն «Արեգնազանի» սաներին ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատմությունը

Դպրոցի ավագ դասարանների աշակերտների շրջանում ապագա մասնագիտության ընտրությունն ամենակարևոր հարցերից մեկն է: Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մասնագիտությունները, ի թիվս այլ մասնագիտությունների, նույնպես պատանիների ուշադրության կենտրոնում են: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի դռները մշտապես բաց են դպրոցականների առջև՝ մի շարք մասնագիտությունների վերաբերյալ պատկերացում կազմելու, կողմնորոշվելու հարցում նրանց առավելագույնս օգտակար լինելու նպատակով: Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է «Բաց դռների օրեր»՝ ավագ դպրոցի սաների, ինչպես նաև ուսանողների համար:

Այս անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել էր Երևանի «Արեգնազան» կրթահամալիրում սովորող 21 տասերորդ դասարանցիների, ինչպես նաև նրանց դասղեկներ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանին և Գայանե Դաշտոյանին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն «Արեգնազանի» սաներին հակիրճ ներկայացրել է ընկերության պատմությունը, առաքելությունն ու գործունեության հիմնական ուղղությունները: Ռալֆ Յիրիկյանը խոսել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի արժեհամակարգի, կորպորատիվ կառավարման մշակույթի կարևորության և առանձնահատկությունների մասին՝ որպես նորարարության նախպայմաններ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը պատանիներին ներկայացրել է կորպորատիվ պատասխանատվության սկզբունքները, այդ ուղղությամբ ընկերության իրականացրած աշխատանքներն ու սոցիալական ներդրումների առանցքային ծրագրերը: Ուսանողները ծանոթացել են ընկերության բիզնես-կառավարման մոդելին, ու նաև՝ շարժական կապի տեխնոլոգիաների հիմունքներին: Ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպվել է շրջայց, որի ընթացքում տասներորդ դասարանցիներն այցելել են ընկերության գործառնական հիմնական կենտրոններ: Ռալֆ Յիրիկյանի հետ դպրոցականների հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով:

«ՏՀՏ-ն դինամիկ զարգացող ոլորտ է: Այս ոլորտը ներառում է մի շարք նեղ մասնագիտական ենթաոլորտներ, որտեղ աշխատելու համար անհրաժեշտ են կրթություն, գիտելիքներ և ամենակարևորը՝ հետևողականություն ու ստեղծագործական միտք: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ներգրավված են լավագույն մասնագետները: Իսկ լավագույնը լինելը պահանջում է ոչ միայն կրթություն և գիտելիք, այլև՝ շարունակական աշխատանք՝ հմտություններն անընդհատ կատարելագործելու ու ընկերության կողմից սահմանված թիրախներին հասնելու միջոցով», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Արեգնազան» կրթահամալիրը գործում է 1994 թ.-ից և Հայաստանի առաջին և միակ վալդորֆյան դպրոցն է:  Ներդաշնակ զարգացումը վալդորֆյան մանկավարժության հիմնական սկզբունքն է, որի նպատակը երեխայի տարաբնույթ առանձնահատկություններն ու մարդկային որակները հնարավորինս  համաչափ ու տարիքային-հոգեբանական առանձնահատկություններին համապատասխան զարգացնելն է: Մոտեցումն ուղղված է երեխային զարգացման  ավելի լայն հնարավորություններ ընձեռելուն:
Վալդորֆյան դպրոցների թիվն աշխարհում անցել է 1000-ից` բոլոր մայրցամաքներում: Այս դպրոցներն առանձնապես տարածված են Եվրոպայի գերմանալեզու երկրներում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում, Հարավային Ամերիկայում: Վալդորֆյան դպրոցներ են գործում նաև Իսրայելում, Ճապոնիայում և Եգիպտոսում: Բոլորը դպրոցները պետական արտոնագրեր ունեն, հիմնական դպրոցների ավարտական վկայականներն ու վկայագրերը ընդունվում են տվյալ երկրներում:

————————

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share