Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ Կառավարություն. Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին

Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը տրամադրված է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելու, ամենուրեք անկանոն թափված աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ձևավորելու, օրինազանցների նկատմամբ վարչարարությունը խստացնելու ուղղությամբ։ «2017 թ. ապրիլի 20-ին հռչակել ենք «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը: Ավելի վաղ` 2016 թ.-ին, հավանության ենք արժանացրել Հայաստանի 2017-36 թվականների կոշտ թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը, հաստատել ենք իրականացման միջոցառումների ծրագիր․ այդ առումով ունենք հստակ պատկերացում և որոշակիացված հեռանկար»,-ասել է վարչապետը: Նշված աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացումն ապահովելու, ուրվագծված որոշ գործառույթներ կանոնակարգելու նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին ճանաչելու վերաբերյալ: «Մենք փաստորեն առ այսօր նման մարմին չունեինք»,-նշել է վարչապետը և հավելել, որ անհրաժեշտ է «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար շատ կոշտ հսկողության տակ պահել՝ անդրադառնալով ծրագրով նախատեսվող քայլերին և իրականացված միջոցառումների արդյունքներին: Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին առաջարկել է մտածել հանրապետական շաբաթօրյակ հայտարարելու մասին: «Այդ շաբաթօրյակը պետք է կազմակերպել այնպես, որպեսզի այն ձևական չլինի, տրամադրել համապատասխան տեխնիկա, շինարարական աղբահանում իրականացնել և այլն»,- ասել է վարչապետը:

Share