Բաժին. Այլ Լուրեր

Հաղարծին համայնքով անցնող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

Տավուշի մարզի Հաղարծին համայնքով անցնող միջպետական ավտոճանապարհի շուրջ 5 կմ հատվածի  երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում գրեթե անանցանելի ճանապարհը հիմնովին նորոգված է։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ում անմիջական հսկողությամբ էին կատարվում աշխատանքները, հերթական անգամ այցելեց այս ճանապարհահատված, աշխատանքների արդյունքին տեղում ծանոթանալու նպատակով։

Նախարարը գոհ էր շինարարների աշխատանքից. «Աշխատանքը շատ բարձր որակով է կատարվել։ Մեկ ամիս առաջ այս ճանապարհը շատ վատ վիճակում էր, լրատվամիջոցները և համացանցային տիրույթը հեղեղված էին ճանապարհի լուսանկարներով։ Այսօր տեսանելի է կատարված աշխատանքը։ Մնացած գնահատականը կարող է ժողովուրդը տալ»,- նշեց Վահան Մարտիրոսյանը։

Միջպետական մայրուղու այս հատվածում փոսալցման աշխատանքների ծավալներն այնքան մեծ էին, որ գերազանցում էին 18 տոկոսը, այն դեպքում, որ 2,5 տոկոսից ավելի չպետք է լիներ։ Այդ պատճառով որոշում կայացվեց ճանապարհի 4,8  կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգել։

Ընտրվեց հիմնանորոգման ռեսակլերով եղանակը։ Ջրահեռացման աշխատանքների ավարտից հետո սառը մշակման եղանակով ամրացվեց հիմքը։ Դրանից հետո տեղադրվեց 5 սմ հաստությամբ  ներքին խոշորահատիկ ասֆալտի շերտը, ապա՝ 4 սմ հաստությամբ վերին մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկը։

Ներկայում վերանորոգվում են արգելափակոցները, լցվում և խտացվում են կողնակները։

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանն ընդգծեց, որ դրանց ավարտից հետո առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրվեն ճանապարհային նշանները և կկատարվեն նշագծումները։

Ճանապարհը որակով և կարճ ժամկետում հիմնանորոգվել է երեք կազմակերպությունների համատեղ և արդյունավետ աշխատանքի արդյունքում։

Share