Բաժին. Այլ Լուրեր

Կսահմանվեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակներ

Առավել արդյունավետ պայքար՝ ընտրությունների և հանրաքվեի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքար մղել ընտրությունների և հանրաքվեի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ: Ըստ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ փոփոխություններն ուղղված են վարչական ռեսուրսի չարաշահման ու հարկադրանքով քվեարկելու դեպքերը կանխելուն: «Մասնավորապես, ընդլայնվում է այն անձանց շրջանակը, ում պարագայում մենք մտցնում ենք նախընտրական քարոզչությանը մասնակցելու սահմանափակումներ: Եթե նախկինում ունեինք հանրային ծառայողներ, այժմ անդրադարձ ենք կատարում առողջապահական և բժշկական կազմակերպություններին, ուսումնական, նախադպրոցական հաստատություններին: Նաև ամրագրում ենք, որ ոչ թե իրենց լիազորություններն իրականացնելիս իրենք իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնել, այլև ի պաշտոնե գործելիս»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նման սահմանափակումները տարածվում են նաև պետական ու համայնքային հիմնարկների աշխատակիցների վրա, ինչպես նաև այն կազմակերպությունների, որտեղ պետությունը կամ համայնքն ունեն 20 տոկոսից ավելի մասնակցություն:

Հստակեցվել են ներման դրսևորումները

Հավանության է արժանացել «Ներման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Փաթեթով առաջարկվում է կարգավորել ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, հստակեցվել են ներման դրսևորումները՝ սահմանելով, որ ներման շնորհման դեպքում հանցագործության համար դատապարտված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով: Նախատեսվել է այլ անձանց կողմից ներման միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը: Ամրագրվել են ներման խնդրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները և այլն:

Համապատասխան պատժամիջոցներ՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար

Հավանություն է տրվել «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, մասնավորապես, բարելավել հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակը: ՀՀ բնակավայրերում աղբահանության վճարների վերլուծությունների արդյունքներով առաջարկվում է սահմանել նաև աղբահանության դրույքաչափի նվազագույն շեմը, ինչպես նաև ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում: Առաջարկվում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար: Առաջարկվում է նաև պատժամիջոցներ սահմանել համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու, տրանսպորտային փոխադրամիջոցից աղբ նետելու և այլ դեպքերի համար:

Կսահմանվեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակներ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխանեցումը մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին: Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում, մասնավորապես, կսահմանվեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակներ, կվերացվեն գործող օրենքում տեղ գտած թերությունները և անհստակությունները, իսկ դատարաններն իրավունքի պաշտպանության այս կամ այն եղանակը կիրառելիս կառաջնորդվեն առավել օբյեկտիվ չափանիշներով:

Կապահովվի կրթության կայուն զարգացման առավել նպատակասլացությունն ու արդյունավետությունը

Հավանության է արժանացել «ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Կրթության առաջընթացն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար հետագա զարգացումները կիրականացվեն` ըստ սահմանված գերակա ուղղությունների և զարգացման նպատակային ցուցանիշների, որոնք կնպաստեն Հայաստանի ընդհանուր մրցունակության բարձրացմանը: Նախագծում նախատեսված են ռազմավարական մոտեցումներ, որոնք կապահովեն կրթության կայուն զարգացման առավել նպատակասլացություն և արդյունավետություն:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Share