Բաժին. Այլ Լուրեր

ՊԵԿ. լրատվական կայքը շարունակում է մոլորեցնել իր ընթերցողներին

Politik.am լրատվական կայքը Պետական եկամուտների կոմիտեի հորդորից հետո փորձել է ինչ-որ կերպ հիմնավորել նախկինում տարածած մերկապարանոց մեղադրանքը, սակայն դարձյալ մնացել է նույն գործելաոճի սահմաններում: Եթե կայքն այդքան համոզված ահազանգում է քաղաքացիական ակտիվությունից բիզնեսի ներկայացուցիչներին հետ պահելու նպատակով իբրև թե «հարկային տեռոր» իրականացնելու մասին, ենթադրվում է, որ պետք է ունենա ծանրակշիռ փաստեր և հարկային մարմնի գործողությունների ու հանրապետության անցուդարձի փոխկապակցվածությունը հիմնավորող ապացույցներ: Բայց այդ ամենի փոխարեն Politik.am-ն անհայտ տրամաբանությամբ գնահատականներ է շարունակում տալ՝ իրեն ապահովագրելով թույլ, ոչինչ չասող օրինակով: Սա՞ էր «հարկային տեռորը»… Փաստորեն, հարկերից խուսափելու բոլոր դրսևորումները ՊԵԿ-ը պետք է անտեսի՞՝ իր օրինական գործողությունները քաղաքական աստառով մեկնաբանելու կայքի դիտավորություններից խուսափելու համար: Politik.am-ը պետական կառույցից ակնկալում է չկատարե՞լ օրենքով նախատեսված պարտականությունները…

Հատուկ կայքի համար հիշեցնենք, որ ապրիլի վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն շուրջ 2 անգամ կրճատել է հսկողական աշխատանքները: Այս է իրավիճակը ներկայացնող իսկական փաստը:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ քաղաքական նպատակներով ավելորդ խուճապ առաջացնելու և ընթերցողներին մոլորեցնելու միտում ունեցող գործունեությունից:

Share