Բաժին. Այլ Լուրեր

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան այցելեց Արարատ կոնյակի գործարան

«Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան և անցյալ տարի Սուդանի Նուբա լեռներում նրան փոխարինած երեք հայ բժիշկներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակության ուղեկցությամբ  ս.թ. հունիսի 3-ին այցելեցին Երևանի կոնյակի գործարան: Ըստ նախատեսված ծրագրի՝ հյուրերը այցելեցին Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ Թանգարան, որտեղ ծանոթացան հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին: 

Թոմ Քաթինան կանգ առավ նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994 թվականի կոնյակի սպիրտ: Այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հաամարտությունը: Բժիշկն իր ստորագրությունը թողեց նաև գործարանի հուշագրքում:

Հյուրերը եղան նաև ԱՐԱՐԱՏ թանգարանի գանձարանում, որտեղ պահվում է հայկական կոնյակագործության տարեգիրը ներկայացնող ԱՐԱՐԱՏ կոնյակի բացառիկ հավաքածուն:

«Ուրախ ենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա մեկնարկը տրվեց այսպիսի խորհրդանշական վայրում՝ Երևանի կոնյակի գործարանում, որն հանդիսանում է «Ավրորա»-ի աջակից նախաձեռնության հիմնադրման առաջին իսկ օրվանից», – նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը:

Իր հերթին Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն Թոմ Քաթինային նվիրեց հատուկ «Հայաստան» կոնյակ, նշելով, որ այս կոնյակով հայոց ոգու ջերմությունն զգացվի անգամ Սուդանի Նուբա լեռներում:    

ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակները արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում բացառապես բարձրորակ հայկական խաղողից և բյուրեղյա մաքուր աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիռարմամբ, որոնց հիմքը դրվել է դեռևս 1887 թվականին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից: ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության համար օգտագործվող հատընտիր սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրատվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը միացավ պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին:

Share