Բաժին. Այլ Լուրեր

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը

Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի ընդունմանը: Այդ մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք պետք է հնարավորություն տանք, որ ծրագիրն  իրականացվի և անհրաժեշտ ձայներ կապահովենք: Արհեստական խոչընդոտներ չեն հարուցի ծրագրի ընդունման հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը: 

Անդրադառնալով ծրագրի բովանդակությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ այն «բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, այլ ոչ թե արհեստավարժ կառավարության ծրագիր»: «Այս ծրագրում չկան ոչ միայն թվեր, այլ նույնիսկ այն, թե ինչպես պետք է իրականացվեն տարբեր ոլորտներում ծրագրերը: Մենք այս կառավարությանը տվել ենք 7,5 տոկոսանոց տնտեսական աճով երկիր և կարծում եմ, որ այնուհանդերձ թվերը կարևոր են, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ինչպիսի զարգացման տեմպեր պետք է ապահովվի, չմոռանանք, որ վարչապետ Փաշինյանը խոսում էր թռիչքային զարգացման մասին: Դա, իմ պատկերացմամբ, առնվազն երկնիշ տնտեսական աճի տեմպերի ապահովումն է: Ո՞ւր են թվերը՝ չկան»,- ասաց Շարմազանովը՝ ավելացնելով, որ կառավարության ծրագրում տարբեր ոլորտների առնչությամբ կան բազմաթիվ խնդրահարույց կետեր:

«Մեր հիմնական թիմը ծրագրին դեմ կքվեարկի, որովհետև այս կառավարության փաստաթղթում չենք տեսնում քաղաքական ծրագիր, իսկ սա ամենակարևորագույն փաստաթուղթն է: Այնտեղ չկա ռազմավարություն»,- նկատեց ԱԺ փոխնախագահը:

Share