Բաժին. Այլ Լուրեր

Գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը հեռացվել է պաշտոնից՝ արյունաբան չլինելու պատճառով

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ըստ հավաստի տվյալների՝ այսօր առավոտյան ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի պաշտոնից ազատվել է Սմբատ Դաղբաշյանը (լուսանկարում՝ աջից) եւ այդ պաշտոնում նշանակվել է Սամվել Դանիելյանը (լուսանկարում՝ ձախից):

Թերթը գրում է, որ Դաղբաշյանը հայտնի էր նրանով, որ արյունաբան չլինելով հանդերձ, ավարտելով ընդամենը 1 տարվա ինտերնատուրա որպես թերապևտ, 2003 թվականից մինչ օրս անհասկանալի ձևով զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի պաշտոնը և նույն ժամանակից նաև Երևանի պետական բժշկական համալսարանի արյունաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը: 2001 թվականին նշանակվելով ՀՀ ԱՆ Պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն, նա չի բավարարվել դրանով և «որոշել է» լինել նաև գլխավոր մասնագետ, գիտական խորհրդի նախագահ և այլն, ինքը չլինելով արյունաբան:

Նոր պաշտոնում նշանակված Սամվել Դանիելյանի մասին «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ նրա անվան հետ են կապվում հարյուրավոր քաղցկեղով հիվանդ երեխաների փրկված կյանքեր: Նա կրթությունը ստացել է Ռուսաստանի եւ Եվրոպայի խոշորագույն կենտրոններում եւ 90-ականների սկզբին, պատերազմի տարիներին, վերադառնալով Հայաստան իր թիմի հետ ներդրել է մանկական լեյկեմիաների բուժման նորագույն սխեմաները, ինչի արդյունքում մանկական լեյկեմիաների բուժման տոկոսը զրոյից աճել է մինչեւ 70 տոկոս:

Մինչեւ 2007 թվականը ղեկավարել է Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքը, սակայն Դաղբաշյանի հետ ունեցած մասնագիտական եւ գաղափարական անհամաձայնության պատճառով, իր թիմի հետ հիմնել է ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի Քիմիաթերապիայի կլինիկան, ինչպես նաեւ ղեկավարել է ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնը: Վերջին 10 տարիների ընթացքում իր ղեկավարությամբ Մուրացանի քիմիաթերապիայի կլինիկայում Հայաստանում առաջին անգամ ներդրվել են երեխաների եւ մեծահասակների ուռուցքների եւ արյան հիվանդությունների նորագույն սխեմաներ, ինչը էականորեն բարձրացրել է հիվանդների բուժման տոկոսները:

Մանրամսները՝ http://www.armtimes.com/hy/article/139614

Share