Բաժին. Այլ Լուրեր

Դեյվիդ Մքալիսթեր․ ԵՄ-ը պատրաստ է Հայաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հաստատման շուրջ երկխոսություն սկսել

Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսություն սկսել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հաստատման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում հայտարարեց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը՝ դժավարանալով, սակայն, ժամկետներ նշել: «Մենք պատրաստ ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն մեկնարկել, ընթացիկ պայմանավորվածություններ կան: Բայց դրա համար մենք կցանկանայինք ԵՄ երկրներում արձանագրել Հայաստանից գնացած անօրինական միգրանտների նվազեցում, ինչպես նաև տեսնել կոռուպցիայի դեմ պայքարի ցանկալի պտուղներ: Շատ անելիքներ կան, բայց ԵՄ-ն միշտ պատրաստ է Հայաստանին աջակցելու հարցում»,-ասաց Դեյվիդ Մքալիսթերը:

ԵԽ պաշտոնյան նկատեց՝ իրենք հասկանում են, թե այս հարցը որքան կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար: Նա նշեց, որ ողջունում են արդեն իսկ մեկնարկած վիզաների դյուրացման ու մի շարք համաձայնագրերի հաջող իրականացումը: «Ուզում եմ լրացուցիչ շեշտել հավելյալ ջանքեր գործադրելու կարիքը, որ Հայաստանի միգրանտները շատ չմնան Եվրոպայում, չչարաշահեն ապաստանի համակարգը ԵՄ երկրներում, ինչը վիճահարույց խնդիր է երկրներից շատերում: Բարեփոխումների առաջընթացը մեծ կաևորություն կունենա  վիզաների ազատականացման հարցում: Իմ անձնական տպավարությունն այն է, որ Վրաստանի ու Ուկրաինայի փորձից ելնելով այս իմաստով հնարավոր է առաջընթաց»,-հավելեց Դեյվիդ Մքալիսթերը:

Share