Բաժին. Այլ Լուրեր

«Այբ»-ը՝ ի պատասխան հուլիսի 4-ին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի արած հայտարարության

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, անդրադառնալով հուլիսի 4-ին ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի արած հայտարարությանը, մասնավորապես ասել է․«Մենք ողջունում ենք ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև Արարատյան բակալավրիատի վերաբերյալ բանակցությունների և աշխատանքային քննարկումների մեկնարկը` ակնկալելով արդյունավետ համագործակցություն` որակյալ կրթությունը բոլորին հասանելի դարձնելու համար: Լիահույս ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամի մասնագիտական թիմի, Արարատյան բակալավրիատի ծրագրի միջազգային գործընկերների, ծրագրում ընդգրկված մարզային դպրոցների ու հարյուրավոր ուսուցիչների ահռելի աշխատանքը կլինի շարունակական և կնպաստի մեր կրթական համակարգի որակական զարգացմանը:

Կարևորելով կողմերի՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղած ջանքերը՝ կարծում ենք, որ բանակցությունների և ուսումնասիրությունների ընթացքում անհրաժեշտ է զերծ մնալ միջանկյալ արդյունքներ հայտարարելուց, ինչպես նաև չհրապարակել թվեր և այլ տեղեկատվություն մինչև դրանց վերջնական ճշգրտումը և փաստացի հաստատումը:

Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամն իր գործունեությունը վարում է բացառապես թափանցիկ և մշտապես հաշվետու է իր բարերարների և հանրության առջև: Հիմնադրամն անցնում է ամենամյա ֆինանսական աուդիտ, որը վերջին տարիներին իրականացվում է «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության կողմից: «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունն ու անկախ աուդիտորական եզրակացությունը հասանելի են բոլորին. դրանք տեղադրված են ՀՀ արդարադատության նախարարության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում` azdarar.am, և հիմնադրամի կայքում՝ հետևյալ հղմամբ` https://foundation.ayb.am/hy/reports: Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում բոլոր ֆինանսական միջոցները ծառայեցվել են իրենց նպատակին և օգտագործվել համաձայն ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի պայմանների:

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ»։

 

Share