Բաժին. Այլ Լուրեր

Աշոտ Հակոբյանն Արցախում քննարկել է գործակցությունը խորացնելու հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Այցի շրջանակներում Աշոտ Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի հետ։

Քննարկվել են տրանսպորտի, փոստային կապի, ճանապարհաշինության, ուղևորափոխադրումների, տաքսի ծառայությունների, հեռահաղորդակցության ոլորտներում գործակցությունն առաջիկայում առավել խորացնելու հնարավորությունները։

Կարևորվել է հայկական երկու պետությունների միջև համագործակցության նոր համաձայնագիր ընդունելու անհրաժեշտությունը։ Դրական է գնահատվել նախկին համաձայնագրի շրջանակներում իրականացված աշխատանքները։

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության միջև տեղի է ունեցել համագործակցության նոր համաձայնագրի կնքման արարողությունը:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը։

Share